Նախատեսվում է էլեկտրոնային հսկողության սարքերի նոր խմբաքանակ ձեռք բերել
Իրավունք
17:20 04/12/2025
Հայաստան

Նախատեսվում է էլեկտրոնային հսկողության սարքերի նոր խմբաքանակ ձեռք բերել

Արդարադատության նախարարությունը պատրաստվում է էլեկտրոնային հսկողության սարքերի նոր խմբաքանակ ձեռք բերել։ Նման սարքերի ձեռք բերման մասին հայտարարել են նաև Ներքին գործերի նախարարությունից։ ԱՆ-ից հայտնել են, որ ձեռքբերվող  սարքերի թիվը հասնում է 300-ի, Panorama.am-ի տեղեկություններով, այդ թիվն ավելի մեծ է։

Մամուլում հրապարակված տեղեկատվության համաձայն, 2022 թվականից մինչ օրս Պրոբացիայի ծառայությանը մատակարարվել է 2034 միավոր էլեկտրոնային հսկողության սարք, որոնցից այս պահին կիրառվում է 1905-ը։

ԱՆ հրապարակած թվերի համաձայն, այլընտրանքային խափանման միջոցներով վարույթների քանակն այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 1804, որոնցից 844-ը կրում է տնային կալանք, իսկ 960-ը՝ վարչական հսկողություն։ Վարչական հսկողության տակ գտնվող անձանցից 68-ը գտնվում են առանց էլեկտրոնային սարքերի կիրառման։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա՝ 2024-ի գնման պլանում կատարվեցին որոշակի փոփոխություններ, ըստ որոնց ձեռք բերվեց էլեկտրոնային հսկողության սարքերի լրացուցիչ խմբաքանակ (127 տնային կալանքի և 94 վարչական հսկողության)։ Դրա համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացրեց 140 146 հազ․ դրամ:

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված և 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած` տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման համար ԱՆ-ն ձեռք է բերում էլեկտրոնային հսկողության սարքավորումներ և դրանց համապատասխան ծրագրային ապահովումը:

Սարքավորումներն աշխատում են բջջային կապի ծածկույթում, ինչը հնարավոր է դարձնում դրանց կիրառումը ՀՀ ողջ տարածքում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder