Հայաստանում կյանքի ապահովագրությո՞ւն կներդրվի
Տնտեսություն
17:29 04/12/2025
Հայաստան

Հայաստանում կյանքի ապահովագրությո՞ւն կներդրվի

Ավստրիական GRAWE Group–ը և C-Quadrat Investment Group–ը գալիս են Հայաստան։ Միջազգային հեղինակություն ունեցող ապահովագրական ընկերությունը ձեռք է բերել «ԼԻԳԱ Ինշուրանս» ընկերության 100% բաժնետոմսերը։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ 

ԿԲ նախագահի խոսքով՝ ընկերությունները նախատեսում են մտնել կյանքի ապահովագրության ոլորտ, որը, ըստ Գալստյանի, մոտ է ներդրումային բիզնեսին։

Նշենք, որ կյանքի ապահովագրություն իրականացնելու լիցենզիա Հայաստանում ոչ մի ընկերություն առայժմ չունի։

Ի՞նչ է կյանքի ապահովագրությունը։ Պարզ լեզվով ասած՝ կյանքի ապահովագրությունը երկու հիմնական նպատակի համար է․ Ֆինանսական պաշտպանություն՝ եթե ապահովագրված անձը մահանա, գումարը ստանում է ընտանիքը, և ներդրում/խնայողություն՝ մարդը տարիների ընթացքում գումար է ներդնում, և ապահովագրական ընկերությունը այդ գումարները կառավարում է։ Արդյունքում, երբ անձը հասնում է պայմանագրով նշված տարիքին, նա ստանում է կուտակված գումարը և եկամուտը։

Այս ընկերությունները դեռ իրենց փաթեթը պետք է ներկայացնեն ՀՀ Կենտրոնական բանկին` հավանության արժանացնելու այն ու լիցենզիա տրամադրելու համար։ 

Ի՞նչ է նշանակում Հայաստանի ֆինանսական շուկայի համար այս ընկերությունների մուտքն ու կյանքի ապահովագրության ներդրումը Հայաստանում ինչ հնարավորություններ կստեղծի։ 

Դրսից ցանկացած խոշոր խաղացողի մուտք մեր շուկա որակի աճ է ենթադրում, Panorama.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը։

«Եթե կազմակերպությունն այնպիսի ծառայություններում է մասնագիտացած, ինչպիսին կյանքի ապահովագրությունն է, որը մեզ մոտ բացակայում է, բավականին լավ ֆինանսական գործիք է։ Դա էական հնարավորություն է մարդկանց համար, իրենց ֆինանսների կառավարման համար։ Դա դրական կազդի ոչ միայն ապահովագրական շուկայի, այլ նաև ընդհանուր ֆինանսական ոլորտի վրա։ Նմանատիպ ինստիտուտները ենթադրում են որոշակի ներդրումներ։ Իրենք հավաքագրված միջոցներով ներդրում են անում ֆինանսական ակտիվներում։ Ենթադրվում է, որ իրենք գալիս են, ունեն բիզնես հեռանկարներ այստեղ»,- նշեց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ կյանքի ապահովագրությունը որպես ներդրումային գործիք բավականին նման է կենսաթոշակային ապահովագրությանը։ 

«Ներդրում է անում մարդը, որոշակի ժամանակ հետո, կամ պատահարից հետո հոսքեր ստանալու ակնկալիքով։ Այն բավականին հետաքրքիր պրոդուկտ է շուկայի համար, բայց որպեսզի կարողանան դա ներդնել։ Նախ պետք է պահանաջարկը հասկանալ, նաև մարկետինգի հարց է լինելու իրենց համար, և երկրորդ մասը՝ բավականին բարդ կառավարվող ֆոնդեր են։ Դա այլընտրանքային ներդրումային գործիք է,  էականորեն կարող է ֆինանսական շուկայի վրա ազդել։ Մեր տնտեսությունը հենվում է ավելի շատ բանկային վարկավորման վրա»,- նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ նմանատիպ պրոդուկտները նպաստում են ավելի երկարաժամկետ կապիտալ ներդրումների իրականացմանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder