Ուժային տարբեր կառույցներում հենց այնպես բարձրացրել ենք աշխատավարձը, իսկ սահմանում կանգնած զինվորին ասում ենք՝ գնացեք, քննություններ հանձնեք. Օհանյան
Հասարակություն
11:46 04/12/2025
Հայաստան

Ուժային տարբեր կառույցներում հենց այնպես բարձրացրել ենք աշխատավարձը, իսկ սահմանում կանգնած զինվորին ասում ենք՝ գնացեք, քննություններ հանձնեք. Օհանյան

«Հայաստանի սահմանային պաշտպանությունը շուրջ  100 կմ ավելացել է. Ղարաբաղի 283 կմ-ին ավելացվել է Ադրբեջանի  հետ սահմանը՝ Զոդից մինչև Մեղրի»,-  ԱԺ-ում «Զինվորական ծառայության և  զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Ըստ նրա, դրանից ելնելով պետք է որոշում ընդունել, թե ինչպիսինն է ազգային անվտանգության ռազմավարությունը և ՊՆ  պետք է վերանայի պաշտպանական  ռազմավարությունը,  դրանից բխող  հարցերով պետք է ինքն իր համալրման ամբողջ գործընթացը կազմակերպի։

«Այսօր  տենում ենք, որ բանակում սահմանային ծառայության մեջ  ընդգրկված են բավականին մեծ  քանակությամբ և զորահավաք,  նաև երկրապահներ, իսկ դրանց ընդգրկումը Զինված ուժեր ազդում է  Զինված ուժերի կարգապահության վրա»,- ասաց Ս.Օհանյանը։

Ինչ վերաբերում է ԶՈւ-ում ատեստացիային, Օհանյանն ասաց,  որ  ուժային տարբեր կառույցներին հենց այնպես հատկացրել են կամ բարձրացրել են աշխատավարձ. «Իսկ բանակում, սահմանում կանգնած զինվորին, ով ամենամեծ դժվարությունն է իր ուսերին կրում, ասում ենք գնացեք, քննություններ հանձնեք, իսկ այդ քննությունները հրամանատարական պատրաստության քննություններ են»:

«Ատեստացիոն համակարգը անհավասար պայմաններ է ստեղծում Զինված ուժերում: Հրամանատարը ստանում է բարձր աշխատավարձ, թող ստանա, բայց պետք է այնպես անել, որ իր զորքն էլ ստանա բարձր աշխատավարձ, ընդ որում որոնք սահմանում են գտնվում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Օհանյանը նշեց, որ դժվար է բանակի մասին քննադատական խոսքեր ասելը, բայց իրողությունից ելնելով պետք է համապատասխան որոշում ընդունել։

«Կուսակցական ծրագրերը մեկ այլ բան են, «Քաղաքացիական պայմանագրի» ծրագրերով մենք ամբողջ Արցախ ենք կորցրել, բայց Զինված ուժերի  զարգացումը, ապահովելը, կազմ-հաստիքային, կառուցվածքների փոփոխությունները, համալրումն այլ բան է պատրաստության հետ կապված»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder