Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ն շահագրգռված է դադարեցնել Ուկրաինայում պատերազմը, վերականգնել Ռուսաստանի հետ ռազմավարական կայունությունը. Սպիտակ տունը հրապարակել է անվտանգության ռազմավարությունը
Սպիտակ տան կայքում հրապարակվել է ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարությունը, որտեղ ներկայացված են առաջիկա տարիների համար ԱՄՆ առաջնահերթությունները։ ԱՄՆ-ն բանաձևել է առաջիկա տասնամյակում աշխարհում ամենաուժեղ, ամենահարուստ, ամենահաջողակ երկիրը մնալու նպատակ։
Նշվում է, որ «Սառը պատերազմի» ավարտից հետո ամերիկյան էլիտան թույլ է տվել կոպիտ սխալ, գերագնահատել է ԱՄՆ դերը՝ կարծելով, որ կարող է Ամերիկան տանել այդ ծանր բեռը։
«Ոչ բոլոր երկրները, տարածաշրջանները, հարցերը կամ գործներն են արժանի, որ լինեն ամերիկյան ռազմավարության կիզակետում։ Արտաքին քաղաքականության նպատակը հիմնականում ազգային շահերի պաշտպանությունն է. սա է այս ռազմավարության միակ կիզակետը»,-ասված է ռազմավարության մեջ։
Ռազմավարության մեջ մեծ տեղ է հատկացված ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր ավարտից հետո Ուկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի հետ հարաբերություններին ու համագործակցության ուղղություններին։
«Պատերազմի հետևանքով Եվրոպայի հարաբերությունները Ռուսաստանի հետ այժմ խորապես թուլացել են, և շատ եվրոպացիներ Ռուսաստանին համարում են գոյության սպառնալիք։ Ռուսաստանի հետ Եվրոպայի հարաբերությունների կառավարումը պահանջելու է ԱՄՆ-ի զգալի դիվանագիտական ներգրավվածություն՝ ինչպես Եվրասիական տարածքում ռազմավարական կայունության պայմանները վերականգնելու, այնպես էլ Ռուսաստանի և եվրոպական պետությունների միջև հակամարտության ռիսկը մեղմելու համար։ Միացյալ Նահանգների հիմնական շահագրգռվածությունն է բանակցել Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման շուրջ՝ եվրոպական տնտեսությունները կայունացնելու, պատերազմի չնախատեսված սրացումը կամ ընդլայնումը կանխելու և Ռուսաստանի հետ ռազմավարական կայունությունը վերականգնելու, ինչպես նաև ռազմական գործողություններից հետո Ուկրաինայի վերակառուցման համար՝ որպեսզի այն կարողանա գոյատևել որպես կենսունակ պետություն»,-ասված է ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ։
Նշվում է, որ Ուկրաինայի պատերազմը հակառակ ազդեցություն է ունեցել՝ մեծացնելով Եվրոպայի, մասնավորապես Գերմանիայի, արտաքին կախվածությունը։
«Այսօր գերմանական քիմիական ընկերությունները Չինաստանում կառուցում են աշխարհի ամենամեծ վերամշակման գործարաններից մի քանիսը՝ օգտագործելով ռուսական գազ, որը նրանք չեն կարող ձեռք բերել իրենց երկրում»,-նշված է փաստաթղթում։
Ըստ փաստաթղթի, տրանսատլանտյան առևտուրը մնում է համաշխարհային տնտեսության և ամերիկյան բարգավաճման հենասյուներից մեկը։
«Եվրոպական ոլորտները՝ արտադրությունից մինչև տեխնոլոգիաներ և էներգետիկա, մնում են աշխարհի ամենահզորներից։ Եվրոպան առաջատար գիտական հետազոտությունների և աշխարհի առաջատար մշակութային հաստատությունների հայրենիքն է։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ անտեսել Եվրոպան, դա կլինի այս ռազմավարության նպատակների ոչնչացում։ Մեր նպատակը պետք է լինի օգնել Եվրոպային շտկել իր ներկա ընթացքը։ Մեզ անհրաժեշտ է ուժեղ Եվրոպա, որը կօգնի մեզ հաջողությամբ մրցակցել և համագործակցի մեզ հետ՝ կանխելու ցանկացած հակառակորդի գերիշխանությունը Եվրոպայում»,-ասված է փաստաթղթում։

