Երկիմաստ հարցեր, չճարվող գրականություն. Հոգեբանները դժգոհ են առաջին ատեստավորումից
Կրթություն, գիտություն
10:00 06/12/2025
Հայաստան

Երկիմաստ հարցեր, չճարվող գրականություն. Հոգեբանները դժգոհ են առաջին ատեստավորումից

Նոյեմբերի 29-ին առաջին անգամ անցկացվեց հանրակրթական դպրոցների հոգեբանների ատեստավորումը։ Գործընթացը, սակայն, ինչպես պնդում են մասնագետները, հարթ չի ընթացել։ Հոգեբանները նշում են, որ ներկայացված թեստերը չեն արտացոլել դպրոցական միջավայրում երեխայի զարգացմանն ու աջակցությանը վերաբերող կարևորագույն թեմաները, ինչն էլ առաջին իսկ րոպեներից զարմանք և դժգոհություն է առաջացրել մասնակիցների շրջանում։

«Որպես մասնակից կարող եմ նշել, որ առաջացված թեստերում հարցերի ձևակերպումները պարունակում էին երկիմաստություն, բովանդակային առումով չէին համապատասխանում կրթության հոգեբանի աշխատանքի առանցքային հարցերին,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց կամաավոր ատեստացիաաայի մասնակից, հոգեբան Ա․ Զաքարյանը։

Խնդիրները սկսվել են դեռ նախապատրաստական փուլում։ Թեկնածուները պատմում են, որ իրենց տրամադրված գրականության ցանկից օգտվելը բավական դժվար է եղել՝ ինչպես բովանդակային, այնպես էլ հասանելիության տեսակետից։

«Տրամադրված 16 անուն գրականության ցանկի գրքերում առկա էին անճշտություններ, մասնավորապես մի գրականությունը չէր փոխլրացնում մյուսին։ Գրականության ցանկում առկա էին գրքեր, որոնք ձեռք բերելը ևս բավականին դժվար է եղել, և դա այն դեպքում, որ այդ ահռելի ծավալով գրաականության ցանկը հրապարակվել է ատեստացիայից ընդամենը 3 ամիս առաջ»,- նշեց Զաքարյանը։

Սակայն դժգոհությունները միայն բովանդակային մասով չէին։ Ըստ մասնակիցների՝  ընթացակարգը ևս պատշաճ  կազմակերպված չի եղել։ Քննության օրը մասնագետները բախվել են դժվարությունների։

«Մենք նախապես ծանուցում չենք ստացել, որ ատեստացիան անցկացվելու է թղթային տարբերաակով, և սև գելային գրիչներ ունենալը պարտադիր է, ինչն էլ իր հերթին անհարմարություն ստեղծեց։ Քննական կենտրոնները չէին ջեռուցվում, նստած էինք վերարկուներով։ Ատեստացիայի թղթային տարբերակն արդեն իսկ անվստահություն առաջացնող հանգամանք էր, ինչն ավելի ամրապնդվեց, երբ պատասխանները 16։00-ի փոխարեն հրապարակվեց, մոտովորոպես, 21;00-ին» ,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Զաքարյանի խոսքով՝ անհավասար մոտեցում է կիրառվում նույն ոլորտում աշխատող մանկավարժների և հոգեբանների նկատմամբ՝ հատկապես վարձատրության և անցողիկ շեմերի մասով։

«Նույն ոլորտում աշխատող մանկավարժների և հոգեբանների նկատմամբ կիրառված է վարձավճարի տարբեր մոտեցումներ։ Մասնավորապես, եթե մանկավարժը հաղթահարում է 60 տոկոսի շեմը, ապա ֆիքսված աշխատավարձի չափը դառնում է 200,000 դրամ, որին գումարվում է 30 տոկոս հավելավճար։ Նույն ոլորտում աշխատող հոգեբանի անցողիկ շեմը 70 տոկոսն է, որից հետո աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունենում, միայն հավելավճարի տեսքով»,- ասաց Զաքարյանը։

Դժգոհություններից հետո կամավոր ատեստավորմանը մասնակցած հոգեբանները բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ուշադրություն դարձնել առաջացած խնդիրներին և վերանայել գործընթացի կազմակերպումը։

ԿԳՄՍ նախարարությունը, Panorama.am-ի հետ զրույցում արձագանքելով բարձրացված դժգոհություններին, նշում է, որ ներկայում հավաքագրում է ուսուցիչների և մասնագետների կողմից ներկայացված խնդիրներն ու հարցադրումները՝ հետագա վերլուծության և գործընթացի բարելավման նպատակով։

«Ինչպես ամեն տարի, այնպես էլ հիմա նախարարությունը հավաքագրում է ուսուցիչների կողմից բարձրաձայնված հարցադրումները, խնդիրները ինչպես տարբեր առարկաների, այնպես էլ ընդհանուր ընթացակարգի հետ կապված, որոնք հետագայում վերլուծվում են և օգնում գործընթացը բարելավելուն: Յուրաքանչյուր ուսուցիչ իր թեստի այն հարցերի վերաբերյալ, որոնց հետ անհամաձայնություն ունի, հենց համակարգում բողոքարկում է` նշելով իր անհամաձայնությունը։ Բողոքարկումները ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրերի ընթացքում ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով, որը քննարկում է ներկայացված յուրաքանչյուր բողոք և անհատապես պատասխանում է մասնակցին»,-նշեցին նախարարությունից։

Ատեստավորմանը մասնակցած տարբեր մասնագետների պնդումներով մասնակիցներից շատ քչերին  է հաջողվել հաղթահարել անցողիկ շեմը։ Այնուամենայնիվ, պարզել՝ քանի հոգեբան է մասնակցել ատեստավորմանը և նրանցից քանիսն են հաղթահարել անցողիկ շեմը, ԿԳՄՍ նախարարությունից պարզել չհաջողվեց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder