Հայաստանում հարուստներն ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Տնտեսագետը՝ թոշակների բարձրացման պահանջի մասին
Տնտեսություն
18:01 06/12/2025
Հայաստան

Հայաստանում հարուստներն ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Տնտեսագետը՝ թոշակների բարձրացման պահանջի մասին

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը առաջարկում է կենսաթոշակները 50%-ով բարձրացնել։ Նախաձեռնության հաշվարկներով՝ դրա համար անհրաժեշտ է շուրջ 175 մլրդ դրամ հավելյալ գումար, որը կուղղվի ծերության և հաշմանդամության թոշակների ավելացմանը։ Առաջարկվում է բեռը բաշխել երկու տարվա ընթացքում։

Տնտեսագետ Աղասի Թավադյանը Panorama.am-ի հետ զրույցում առաջարկը գնահատում է իրատեսական և տնտեսության համար հնարավոր լուրջ ռիսկեր չի տեսնում։ Փորձագետը նշում է, որ վերջին տարիներին աշխատավարձերի աճը իրականում չի անդրադարձել մեծամասնության բարեկեցության վրա․

«Միջին աշխատավարձը Հայաստանում բարձրացել է, բայց միջին վիճակագրական քաղաքացին նույն ձևով է ապրում, ինչ 2018-ին։ Պատճառը հավասարակշռության կորուստն է․ հարուստները դարձել են ավելի հարուստ, իսկ աղքատները՝ ավելի աղքատ»,- նշեց Թավադյանը։

Նա օրինակ է բերում․ եթե 2018-ին բարձր աշխատավարձ ստացողները վաստակում էին 800 հազարից 1 միլիոն դրամ, այժմ այդ խմբում կան մարդիկ, որոնք ստանում են մինչև 5 միլիոն դրամ, մինչդեռ միջին և ցածր եկամուտ ունեցողների աշխատավարձերն ու թոշակները գնաճին համապատասխան չեն աճել։

«Ցածր եկամուտ ունեցողները հիմնականում իրենց ծախսերի 50-60%-ը ուղղում են սննդամթերքին։ Իսկ սննդի գները վերջին տարիներին աճել են զգալի։ Օրինակ՝ կարտոֆիլը աճել է 67%-ով, բանջարեղենը՝ 25%-ով, կաթնամթերքի գինը նույնպես բարձրացել է․ 500 դրամից կաթնաշոռը հասել է 750-ի»,– ասում է Թավադյանը՝ ընդգծելով, որ դա իրականում նվազեցրել է կենսաթոշակների և աշխատավարձերի իրական արժեքը։

Տնտեսագետը համոզված է, որ ցածր եկամուտ ունեցողները ավելի խոցելի են, որովհետև գնաճը նրանց վրա ունի առավել ծանր ազդեցություն։ Թավադյանի կարծիքով՝ թոշակների 50%-ով բարձրացումը հնարավոր է իրականացնել երկու ճանապարհով․ առաջինը՝ սեգմենտային տարբերակ՝ միայն ծերության թոշակների բարձրացում։ Այս դեպքում, ըստ նրա, բյուջեի վրա բեռը ավելի փոքր կլինի։ 

«Այժմ մոտ 40 մլրդ դրամ է ծախսվում ծերության թոշակների վրա։ Դրանց 50%-ով բարձրացումը կավելացնի բյուջեն մոտ 20 մլրդ դրամով, ինչը կազմում է մոտ 0.6% բյուջեի ծախսերից»,- մանրամասնեց տնտեսագետը։

Երկրորդը՝ բոլոր տեսակի թոշակների 50% բարձրացում։ Այսպես՝ ծախսերը կարող են հասնել մինչև բյուջեի 2–3%-ի, ինչը, ըստ տնտեսագետի, արդեն բավական մեծ բեռ է և պահանջում է երկու-երեք տարում աստիճանական իրականացում։

Թավադյանը կարևորում է նաև այլ միջոցառումների անհրաժեշտությունը՝ սոցիալական արդարության վերականգնման համար։

«Պետք է մտածել, թե ինչպես աջակցել ցածր եկամուտ ունեցողների խավերին։ Այս պահին նրանք իրականում անտեսված են, ավելի են աղքատացել, մինչդեռ բարձր եկամուտ ունեցողները՝ հարստացել»,- նշեց տնտեսագետը։

Նա թոշակների նման բարձրացման դեպքում չի կանխատեսում  մակրոտնտեսական լուրջցնցումներ, եթե թոշակների բարձրացումը տեղի ունենա բյուջեի ներսում ծախսերի վերաբաշխման հաշվին։

«Եթե մի ուղղությունից գումարը կրճատվում է և ուղղվում սոցիալական վճարներին, դա ընդհանուր տնտեսության վրա  շոկ մեծ ազդեցություն չի թողնում։ Փոփոխությունները կլինեն, բայց փոքր»,– ընդգծեց Թավադյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում հարուստներն ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Տնտեսագետը՝ թոշակների բարձրացման պահանջի մասին