Նորակառույց շենքում քաղաքացին շփոթելով բացել է վերելակի հորանի դուռը և 7-8 մետր բարձարությունից վայր ընկել
Հասարակություն
22:13 07/12/2025
Հայաստան

Նորակառույց շենքում քաղաքացին շփոթելով բացել է վերելակի հորանի դուռը և 7-8 մետր բարձարությունից վայր ընկել

Նոյեմբերի 25-ին ժամը 19։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ աշխատանքի վայրում 7-8 մետր բարձրությունից վերելակի շղթայի վրա ընկնելու հետևանքով շտապօգնության 53-րդ խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդու։

«Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ավանի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ տուժածը Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Ա․-ն է։ Ավանի բաժնի համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 17։30-ի սահմաններում Արմեն Ա․-ն Աճառյան փողոցի 43/20 հասցեում «ԱՍՌ» ՍՊԸ-ի կողմից կատարվող շինարարության ժամանակ նորակառույց շենքի 4-րդ հարկում խողովակ վերցնելու համար այլ սենյակ մտնելու փոխարեն շփոթելով բացել է վերելակի համար նախատեսված հորանի դուռը և վայր ընկել նշված հորը՝ տախտակե ֆաներաների վրա։

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին»,-հայտնում է shamshyan.com-ը

Աղբյուրը`Panorama.am
Placeholder