63 և 64 տարեկան թոշակառուները դուրս են մնացել բժշկական ապահովագրության փաթեթից. Անուշ Պողոսյան
Առողջություն
15:49 08/12/2025
Հայաստան

63 և 64 տարեկան թոշակառուները դուրս են մնացել բժշկական ապահովագրության փաթեթից. Անուշ Պողոսյան

Կառավարությունը 3 տարի ժամկետը հետաձգելուց հետո վերջապես օրենսդիրի մակարդակով ընդունեց բժշկական պարտադիր ապահովագրության համակարգ ներդնելու օրինագիծը։ Այն ուժի մեջ է մտնելու 2026 թ հունվարի 1-ից, բայց արդեն այսօր ոլորտի փորձագետները և հասարակ քաղաքացիները որոշակի բացեր են արձանագրոմ։ Արդյոք փոփոխությունը «պատմական բարեփոխում» է, ինչպես Նիկոլ Փաշինյանը և Անահիտ Ավանեսյանն են հայտարարում։ Այս հարցի պատասխանը ստանալու համար Panorama.am-ը դիմեց «Առողջության իրավունք» ՀԿ-ի Նախագահ Անուշ Պողոսյանին։

Ա.Պողոսյան-Այս պահին ես չեմ կարող ասել, թե թոշակառուների կյանքում ինչ կփոխվի, որովհետև ապահովագրական փաթեթը չեն հրապարակում և չի բացառվում, որ այդ փաթեթում ներառված լինեն բոլոր այն ծառայությունները, որոնցից այսօր էլ թոշակառուներն անվճար օգտվում են։ Խոսքը վերաբերում է, օրինակ, առաջնային օղակում բժշկական օգնությանը և սպասարկմանը, շտապ և անհետաձգելի, կյանք փրկող ծրագրերը։ Այնպես որ՝ այդ սենսացիոն հայտարարությանը զուգահեռ չեն հրապարակում, թե ինչ են առաջարկելու 65+ տարիքի մեր քաղաքացիներին։ Այստեղ մեկ ուրիշ մտահոգություն կա, որ 65+ քաղաքացիներին առաջարկվելու է նույն բանը, ինչը որ 0-18 տարեկաններին, 200  հազար դրամ և ավել ստացող աշխատողներին, որոնք ապահովագրվում են։ Այսինքը, փաթեթրը չի լինելու բազմազան։ Հասկանալի է, որ 0-18 տարեկան մեր երեխաների և քաղաքացիների մոտ այլ խնդիրներ են, 65+-ի դեպքում այլ առողջական խնդիրներ են։

Այնպես որ, այս պահին գնահատել այդ սենսացիոն հայտարարությունը թե՝ մենք «պատմական բարեփոխում» ենք արել, չենք կարող։

Panorama.am -Գնահատե՞ք խնդրեմ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի արած «ով էր ասել, որ թոշակառուների համար ապահովագրությունը ձրի էր լինելու» հայտարարությունը։

Ա.Պողոսյան-Ենթադրում եմ, որ նման ձևով հող են պատրաստում հետագայում թոշակի տարիքը բարձրացնելու համար։ Իհարկե. առողջապահության առումով հայտարարությունն այդքան էլ հասկանալի չէ, որովհետև 70 տարեկան, հատկապես 65 տարեկան քաղաքացիները կարող են լինել գործունյա, բայց նրանց առողջական խնդիրնեը կարող են փոխվել ժամերի ընթացքում և այսօր խոսել, թե նրանք կարող են և ընդունակ են ամեն ինչ անելու՝ այդքան էլ այդպես չէ։ Պետությունը պետք է հաշվի նստի տարիքի հետ և իր հովանավորության տակ վերցնի այն մարդկանց, որոնք հասել են այդ պատկառելի տարիքին և պետք է վայելեն իրենց կյանքի մնացած հատվածը, նաև՝ որպես թոշակառուներ։

Panorama.am-Իսկ ներկայում գործող անվճար ծառայություններն ու համակարգերն ինչքանո՞վ էին փակում թոշակառուների բժշկական օգնություն ստանալու պահանջները։

Ա.Պողոսյան-Գործող համակարգը թոշակառուներին տալիս էր որոշակի հնարավորություն առողջապահությունից անվճար օգտվելու համար, իհարկե՝ ոչ ամբողջական։ Բայց այս պահին թոշակառուներն անհամբեր սպասում են, որ ունենալու են այլ առողջապահություն, օրինակ՝ ունենալու են դեղորայքի փոխհատուցու,  բազմաթիվ հետազոտություններ անելու անվճար հնարավորություններ։ Այդ սպասումներն ինչքանով կարդարացվեն, պարզ կդառնա այն ժամանակ, երբ կհրապարակվի ապահովագրական փաթեթը և կպարզվի, թե ինչ ծառայություններ են առաջարկում մեր 65+ տարիքի քաղաքացիներին, բայց թոշակառուները 63+ տարիքից են։ Առողջապահության նախարարությունը հայեցակարգում ֆիքսել էր 63 տարեկանը, սակայն օրենքը բերեցին 65+ տարեկանով։

Panorama.am-Իսկ մինչև 65 տարեկանը թոշակառուները բժշկական ապահովագրություն են ստանալու աշխատող քաղաքացիների չափանիշներո՞վ։

Ա. Պողոսյան-Չեմ կարող ասել։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ, քանի որ նախարարը անկեղծ գտնվեց և նշեց, որ հաշվարկել են բյուջեի հնարավորությունները։

Panorama.am-Ստացվում է, որ 63 և 64 տարեկան թոշակառուները դո՞ւրս են մնում բժշկական ապահովագրության ներդրվող համակարգից։

Ա. Պողոսյան-Այո, այս պահին 63 և 64 տարեկանների համար ոչինչ չունեն առաջարկելու։ Մի փոքր փաթեթ են թողել շտապ և անհետաձգելի, ինչպես նաև պրոֆիլակտիկ այցերը, այսինքն իրենք ստանալու են ուղղակի ԱԱՊ-ի ծառայությունները, շտապ և անհետաձգելին և որոշակի կթողնեն պետպատվերից օգտվելու հնարավորությունը, որը կար մինչև ապահովագրության ներդնումը։

Panorama.am-Մտավախություն չկա՞, որ ապահովագրության համակարգն ուժի մեջ մտնելուց հետո ՝ հունվարի 1-ից հատկապես թոշակառուների շրջանից հսկայական հոսք կգնա բուժհաստատություններ։ Պատրաստ է դրան մեր առողջապահության համակարգը։

Ա. Պողոսյան-Ես այն կանխատեսել եմ և դրա մասին բազմիցս խոսել եմ, որ լինելու են չկառավարվող հերթեր՝ ինչպես հիվանդանոցներում, այնպես էլ պոլիկլինիկաներում, որովհետև բոլորը, հատկապես 65+ տարիքի մեր հայրենակիցները, ինչպես նաև բոլոր այն քաղաքացիները, որոնք արդեն պարտադիր ապահովագրական փաթեթ են ունենալու, այսինքը՝ 200 հազար դրամ և ավել ստացող 395 հազար քաղաքացիները սպասում են իրենց ապահովագրական փաթեթին և հունվարից բոլորը դիմելու են և՛ պլանային հետազոտութունների ու բուժումների, և՛ առաջնային օղակից համապատասխան ուղեգրումներ ստանալու համար։ Արդյունքում մենք ունենալու ենք անկառավարելի վիճակ, ինչը 3-4 ամիս հետո ֆինանսական լուրջ խնդիրների է բերլու։ Ինչքան հասկանում եմ, չի նախատեսվել նաև այս ապահովության բարձիկը՝ այսինքը՝ չի հաշվարկվել, որ կարող է հավելյալ գումարների կարիք լինի այդ փաթեթները ծածկելու համար։ Իրենք մի ուրիշ բան են մտցրել՝ 6 ամիս հերթագրումը։ Այսիքը կսկսեն հերթագրել քաղաքացիներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder