Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանի՝ պատարագներից առաջ եկեղեցիներում օրհներգ հնչեցնելու առաջարկը վտանգներ է պարունակում. Վարդան Խաչատրյան
«Պատարագների սկզբում Հայաստանի հիմնը հնչեցնելը եկեղեցական կարգում դժվար տեղավորվող բան է, վտանգներ է պարունակում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը։
Նա նշեց, որ պետք է իմանալ, էլ որտեղ է նման բան տեղի ունենում, այսինքն կրոնական ծիսակարգից առաջ երկրի հիմնը հնչի, դրոշն էլ կախված լինի եկեղեցու ներսում. «Քրիստոնեկան ո՞ր մի եկեղեցին է նման բան անում»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10.55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը»։
«Արգումենտն այն է, որ դա պետությունն է հիմնել։ Այո, պետական կրոն, որպես այդպիսին, եղել է, բայց այսօր պետական կրոն չէ, պետական կրոններ այլևս գոյություն չունեն։ Նույնիսկ հունաց եկեղեցին, որը մինչև վերջերս պահպանում էր դա, նորից հետ գնաց՝ թողնելով պետականությունը առանձին գոյություն ունենա, եկեղեցին՝ առանձին։ Հիմա ի՞նչ խնդիր է առաջացել։ Ճիշտ կլինի ինքն էլ մեկնաբանի, թե ո՞ր փորձից ելնելով է դա արվում։ Դրա շուրջ էլ երկխոսություն լինի՝ հասկանանք, թե ինչ փաստարկներ, վտանգներ կան յուրաքանչյուր նման քայլի մեջ։
Իհարկե, վտանգներ պարունակում է, եթե 1700 տարվա կարգ է փոխելու»,- ասաց Խաչատրյանը։
Նա մանրամասնեց, որ պետական կրոնի դեպքում պետությունն ավելի մեծ ազդեցություն է ունենում եկեղեցու վրա, ի վիճակի է փոխել հոգևորականներ և այլն. «Պետության ճնշումը զգալիորեն մեծանում է հոգևոր առանցքի վրա, ինչն անել այս իրավիճակում՝ անթույլատրելի է»։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հրապարակած «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզին», Վարդան Խաչատրյանն ասաց. «Ծանոթ չեմ։ Համանման քարտեզը ճիշտ կլինի հրապարակային քննարկման դնի, մարդիկ իրենց ձեռքին ունենան, քննարկեն, կարծիքներ հայտնեն»։