Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս իշխանությունը կարողացել է սանձել կոռուպցիայի ձին ու շատ արագ ընթանում է առաջ. Իրավապաշտպան
Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ իշխանության եկավ կոռուպցիայի դեմ կատաղի պայքար մղելու խոստումով։ Այսօր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ Panorama.am-ը զրուցեց իրավապաշտպան, «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցի հետ՝ հասկանալու, թե անցած 7 տարիների ընթացքում ինչքանո՞վ է այդ պայքարում հաջողել է իշխանությունը։
«Իշխանության մոտ կարծես թե խնդիր կար ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարելու, այլ ո՞վ է ղեկավարելու, գլխավորելու այդ պրոցեսը։ Մենք տեսանք բախում, երբ հասարակությանը տրված խոստումները, հասարակության ակնկալիքները կյանքի չկոչվեցին, բայց մարդիկ եկան ու կառուպցիայի գործընթացքում դարձան գլխավոր դերակատարները»,-ասաց Նինա Կարապետյանցը։
Հետաքննող լրագրողների բացահայտած դեպքերն ու հրապարակումները թույլ են տալիս Կարապետյանցին ասել, որ այս իշխանությունները չեն զիջում նախկիններին կոռուպցիայի ծավալներով, իսկ յուրայինների պատասխանատվության հարցն իշխանությունները, կարծեք, չեն էլ պատրաստվում բարձրացնել։
«Նույն տրամաբանության մեջ է նաև ոստիկանների կողմից ընդդիմադիրների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը։ Երբ այս իշխանությունն ընդդիմություն էր, անհամաչափ ուժի կիրառման անընդունելի լինելու մասին բարձրաձայնում էին, հիմա երբ ուժայիններին հրամանները տալիս են իրենք ու հակադիր տեսակետներ ունեցողներն են բռնության ենթարկվում, իրենք դրա հետ խնդիր չունեն։ Կոռուպցիայի առումով ևս նույն մոտեցումն է։ Այնպես որ այս իշխանությունը կարողացել է սանձել կոռուպցիայի ձին ու շատ արագ ընթանում է առաջ»,-նշեց իրավապաշատպանը։
Շարժման հիմնադիրը ցավով փաստեց, որևէ մեկը չի կարողանում կանգնեցնել այդ ձիու ընթացքը, քանի որ չկան կայացած ինստիտուտներ, արդարադատության համակարգն այդպես էլ մնաց կախվածության մեջ օրվա իշխանություններից, ընդդիմադիր ուժերը, եթե անգամ շատ ճիշտ թեզեր են բարձրաձայնում, շատ արագ դա իշխանություններւը վերածում են «մի հատ տեսեք ձեր ժամանակ դուք ի՞նչ եք արել» թեմայով բանավեճի, իսկ քաղհասարակությունն էլ, ցավոք, այլևս գոյություն չունի, քաղհասարակության շատ ներկայացուցիչներ, որոնք տարիներ շարունակ պայքարել են այս կամ այն խնդրի դեմ, սկսում են չտեսնելու տալ դրանք։
«Ցավոք սրտի, այս իրավիճակը շատ կանխատեսելի էր։ Ոչ մի դրական էական փոփոխություն չկա։ Փոխարինում է եղել, մի խումբ մարդիկ հեռացել են բիզնեսներից, տենդերներ շահելուց, հայտնվել են մեկ ուրիշ խումբ մարդիկ, որոնք դարձել են խոշոր օլիգարխներ։ Մարդիկ, որոնք երբեք օրինակ ասֆալտ փռելով չեն զբաղվել, հիմա հանկարծ իրենց բարեկամների՝ իշխանության գալուց հետո սկսեցին զբաղվել ու տենդերներ շահել։ Սովորական քաղաքացու համար տարբերություն չկա, նախորդ իշխանության օրոք խորհրդարանի փոխխոսնակի հարազա՞տն է տենդերները շահում, թե՞ ներկա իշխանության հարազատն ու բարեկամը։ Հասարակության համար ի՞նչ տարբերություն։ Փաստը մնում է փաստ, որ այս իշխանությունները դարձել են մեկ աղբյուրից ամենամեծ գնումներ կատարողը»,-ասաց նա։
Կարապետյանցի խոսքով, այս իշխանությունը հարմար տեղավորվեց նախկիններրի կոստյումի մեջ, մինչդեռ եկել էր այն փոխելու խոստումներով։
«Ցանկացած ոլորտում կոռուպցիան իսկապես ծայրահեղ ծանր հետևանքներ է ունենում պետության, պետականության, անվտանգության համար։ Կոռուպցիան միայն փող վերցնել-տալը, տենդերներ շահելը չէ, կոռուպցիա է նաև ոչ կոմպետետ մարդկանց խնամի-ծանոթ-բարեկամ կապերով պաշտոնների նշանակելը»,-նշեց նա։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։