«Ժողովուրդ». Մինչ Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետի հարազատների շուրջ, վերջիններս դատական համակարգում են կռիվ տալիս
Օրվա մամուլ
08:43 09/12/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Մինչ Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետի հարազատների շուրջ, վերջիններս դատական համակարգում են կռիվ տալիս

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հակակոռուպցիոն կոմիտեն ԴԱՀԿ նախկին պետի հարազատներին, յուրաքանչյուրին 50 միլիոն դրամ գրավի դիամաց ազատ է արձակել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբայրը (քեռու որդին)՝ «Միկշին»-ի սեփականատեր Տիգրան Հարությունյանը, ևս մեղադրյալի կարգավիճակ ունի:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քննվող քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ։ Վերջիններս մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով վատնմանն օժանդակելու համար։

Ու մինչ Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետի հարազատների շուրջ, վերջիններս նաև դատական համակարգում են կռիվ տալիս։ Armlur.am-ը գրել էր, որ Միհրան Պողոսյանի քեռու որդին՝ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի սեփականատերը, 8 հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի: Նա պահանջում է պարտավորեցնել կոմիտեին «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ին պետական գրանցում տրամադրել Թիվ 02-040-0303-0010 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականության իրավունքի վերաբերյալ։

Ասել է թե՝ Ապարանի Եղիպատրուշ համայնքում «Մայլեռ» լեռնադահուկային հանգստավայրը գործում է, և սեփականատերերը հանգստավայրը ցանկանում են սեփականաշնորհել ու Կադաստրի կոմիտեն գրանցումը չի իրականացնում:

Հիշեցնենք, որ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ»-ի իրական շահառուն՝ «Միկշին» ՍՊԸ-ի սեփականատեր Տիգրան Հարությունյանը, հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխայիլ Հարությունյանի որդին է, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրը։ 2021 թվականից մինչ օրս ընկերությունը Կառավարությունից մի քանի անգամ աջակցություն է ստացել։

Ուշագրավ իրավիճակ է այն առումով, որ մինչ Միհրան Պողոսյանը ՀՀ իշխանությունների դեմ է պայքարում, վերջինիս քեռու որդին արտոնյալ պայմաններում հողի սեփականատեր է ցանկանում դառնալ, իսկ մի մասն էլ Հակակոռուպցիոն կոմիտեի թիրախում է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder