Անհայտ անձինք հափշտակել են Տափերականում պահվող 15-րդ դարի Ավետարանը
Իրավունք
10:03 10/12/2025
Հայաստան

Անհայտ անձինք հափշտակել են Տափերականում պահվող 15-րդ դարի Ավետարանը

Օրեր առաջ սրբապղծություն էր տեղի ունեցել Արարատի մարզի Տափերական գյուղում։ Դիմակավորված, ձեռնոցներ հագած սևազգեստ անձը գիշերը մուտք էր գործել գյուղացիներից մեկի բակ, ապա պատուհանը կոտրելու միջոցով մուտք գործել տանհարևանությամբ գործող փոքիկ սրբավայր, որտեղ պահվում էր 15-րդ դարի Ավետարանը, գողացել Սուրբ Գիրքը։

Փոքրիկ Սրբավայրը գյուղում ու հարակից գյուղերում հայտնի էր որպես «Չարխափան Ավետարան», այստեղ հազարավոր մարդիկ ուխտի են եկել, աղոթք հնչեցրել։ Սարսափելի գողության մասին բնակիչն անմիջապես տեղյակ է պահել ոստիկանությանը։ Սակայն գողությունից օրեր անց, իրավապահները դեռ այն չեն բացահայտել։

Փոխարենը Մատենադարանն է հանդես եկել հայտարարությամբ.

«Ավետարանի գողության փաստը հրամայական է դարձնում մասնավոր անհատների կացարաններում և համայնքի եկեղեցական հաստատություններում առանց անվտանգային պատշաճ համակարգի և պահպանման պայմանների ձեռագրերի առկայության խնդրի կարգավորումը:

Մատենադարանի տնօրենությունը հնարավոր բոլոր առիթներով հայտարարել է իր պատրաստակամությունը՝ եթե ոչ իբրև նվիրատվություն ընդունելու, ապա այդ մատյանները ժամանակավոր պահպանության առնելու վերաբերյալ:

Սույնով վերահաստատում ենք մեր հանձնառությունը և պատրաստ ենք մասնավոր կամ համայնքային պատկանելության ձեռագիր մատյանների պատշաճ պահպանության համար ի սպաս դնելու Մատենադարանի նյութական և մասնագիտական կարողությունները:

Երաշխավորում ենք, որ բոլոր մատյանները մուտք կգործեն Մատենադարանի պահոց՝ ըստ ժամանակավոր պահպանության նախապես ստորագրված պայմանագրի, որում կամրագրվեն սեփականատիրոջ իրավունքները և Մատենադարանի պարտավորությունները:

Ցավալի է, որ Մատենադարանի «Մատյանների տունդարձը» արշավին զուգահեռ, որի շնորհիվ աշխարհի տարբեր աճուրդներից և մասնավոր հավաքածուներից Հայաստան են վերադառնում մեր հոգևոր արժեքները, մեր իսկ երկրում կողոպտվում են և անհետանում հոգևոր պատմության նմուշները:

Այս ոլորտում Մատենադարանի հետ համագործակցությունը քաղաքացիական հասունության և պատասխանատվության ցուցիչ է»։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder