«Ժողովուրդ». ՔՊ-ի նախընտրական ցուցակում է հայտնվել նաև Վահագն Խաչատուրյանի մտերիմ Արամազդ Ղալամքարյանը
Օրվա մամուլ
08:44 10/12/2025
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ-ի նախընտրական ցուցակում է հայտնվել նաև Վահագն Խաչատուրյանի մտերիմ Արամազդ Ղալամքարյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում է ընդգրկվել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյանը:

Մենք տեղեկացանք, որ Ղալամքարյանն այժմ բավականին ջերմ հարաբերություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու որոշել է խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հետ լինել: Հիշեցնենք, որ Ղալամքարյանը «Հայ ազգային կոնգրես»-ի վարչության նախկին անդամ էր և Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի կարկառուն անդամ:

Նա այս տարվա՝ 2025 թվականի սեպտեմբերին Փաշինյանի որոշմամբ նշանակվեց Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում: 2007 թվականից սկսած Ղալամքարյանը ՀԱԿ-ի ակտիվիստներից է եղել՝ Կոնգրեսի ակտիվ պայքարողների շարքում:

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց որոշ ժամամակ անց Ղալամքարյանը հեռացել է ՀԱԿ-ի շարքերից, սկսել է քննադատել Կոնգրեսի առաջնորդների վարած քաղաքականությունը: Բավականին երկար տարիներ լինելով հավատարիմ (ՀԱԿ) կուսակցական՝ դրանով հանդերձ նա այս տարվա հունիսին մի սկանդալային գրառում էր արել «Ֆեյսբուք»-ում՝ նշելով, թե Ղարաբաղյան շարժումը «ԿԳԲ-ի նախաձեռնածն» է, իսկ Տեր-Պետրոսյանը «ԿԳԲ-ի ագենտ» է:

«Որոշեցի ամփոփել Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի ու «Հայ ազգային կոնգրես»-ի էջը՝ մեկ անգամ և ընդմիշտ արձանագրելով որոշ դրվագներ, տալով դժվար հարցեր, լույս սփռելով որոշ դրվագների վրա, որոնց միջով ապրել ենք 1988-ից ի վեր։ Կանխավարկածս բավական հավակնոտ ու հանդուգն է. Կոնգրեսի իմ ներկա ու նախկին բազմաթիվ ընկերներ, ծանոթներ ու զինակիցներ ԱԶՆԻՎ ՉԵՆ, երբ քննադատում են գործող իշխանությանն ու պաշտպանում են Լևոն Տեր-Պետրոսյանի՝ վերջին շրջանում արված քայլերը։ Նախևառաջ արձանագրենք, որ ես իմ արած ՈՐԵՎԷ բանից չեմ հրաժարվում»,- նշել էր Ղալամքարյանը:

ՀԱԿ անդամների տարբեր «ամոթանքներից», դիտարկումներից հետո, թե նրա հայտարարությունը խայտառակություն է, Ղալամքարյանը հեռացրել էր իր գրառումը, բայց իշխանական լրատվամիջոցները դրանք տարածել էին:

Արամազդ Ղալամքարյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, ՀԱԿ վարչության նախկին անդամ։ Նա Կոնգրեսից դուրս գալու դիմում էր գրել ապրիլին, ինչին հաջորդել էր Լևոն Տեր-Պետրոսյանի մասին սկանդալային գրառումը։ Ի դեպ, Ղալամքարյանը համարվում է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder