Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բանակցություններում չունենք հավասարը հավասարի հետ գործընթաց, և այս անհավասարությունն ազդում է արդյունքների վրա. Սիրանուշ Սահակյանը՝ Բաքվում պահվող հայերի գերիների մասին
«Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ողջ դատավարությունը ցուցադրական է, նրանց նկատմամբ խստագույն պատժի կիրառումը՝ նույնպես ցուցադրական կերպով է կատարվում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։
Նա հիշեցրեց, որ նախկին բոլոր ղեկավարներին Ադրբեջանի դատախազությունը պահանջել է ցմահ ազատազրկում, բացառությամբ երկու նախագահների՝ Արկադի Ղուկասյանի և Բակո Սակայանի։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ադրբեջանական օրենսդրությամբ 65 տարին լրացած ամբաստանյաները համարվում են տարեցներ, արգելվում է ցմահ ազատազրկում պատժատեսակի կիրառումը նրանց նկատմամբ։ Ս.Սահակյանը նշեց, որ դատախազներն իրենց խոսքում էլ նշել էին՝ պահանջում են խիստ պատժատեսակ նրանց նկատմամբ և քանի որ ցմահ ազատազրկումն անհնար է, ապա դրան փոխարինող խիստ պատժատեսակը 20 տարի ազատազրկումն է։
«Խստագույն պատժի կիրառումը, իմ գնահատմամբ, խորհրդանշական է, քանի որ նշված անձինք, ըստ էության, դատապարտվում են իրենց իրավունքների իրացման համար, որը կապված է եղել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման հետ։ Մեծ հաշվով, Բաքվի դատարաններում քննարկում էին Արցախի ինքնորոշման իրավունքը և հասկանալի է, որ պետք է դատապարտեին կամ մահվան, որը Եվրոպայի խորհրդի անդամ լինելու ուժով անհնար է, կամ ցմահ ազատազրկման՝ ի ցույց դնելու, որ Արցախի ինքնորոշման էջը փակված է, այդ իրավունքն անորոշ ժամկետով ազատազրկված է, հայության որևէ խումբ երբեք չպետք է մտածի Արցախի ինքնորոշման համար հետագա պայքարի մասին»,- ասաց Ս. Սահակյանը։
Նա նշեց՝ պարզ է, մեղադրական դատավճիռներ են կայացվելու, դատախազների պահանջած պատժատեսակներն ընտրվելու են, քանի որ այս դատարանները երբեք արդարադատության չեն իրականացրել։
«Ադրբեջանում առհասարակ անկախ դատարաններ գոյություն չունեն, քաղաքական գործիքներ են այլախոհներին ճնշելու համար։ Հատկապես ռազմական դատարանները, որտեղ քննվում են հայերին առնչվող գործերը, ամբողջովին շահագործվում են գործադիր իշխանության կողմից»,- ասաց Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահը։
Նա ընդգծեց, որ քաղաքական պատվերով վավերացրելու են այս մեղադրանքները, պատիժները. «Մեր խնդիրն է այս դատավարության ընթացքում թույլ տրված խնդիրների բարձրաձայնումը միջազգային ատյաններում և այնպիսի միջազգային դատական ակտերի կայացումը, որոնք կապալեգիտիմացնեն ամբողջովին Ադրբեջանի դատարանների գործունեությունը։ Նախադեպեր ունենք»։
Հարցին՝ «մեր» ասելով նկատի ունեք իրավապաշտպանների՞ն, իրավապաշտպան ՀԿ-ե՞րին, իսկ պետությունն ի՞նչ պետք է անի, Ս. Սահակյանն ասաց. «Պետական գործելակերպն այլ է։ Կան բացթողումներ։ Մենք միշտ ոգևորությամբ ենք խոսել իրավական գործընթացերի մասին, որոնք նախաձեռնել էր պետությունը, ցավոք սրտի, դրանք սպառնալիքների ներքո են։ Քաղաքական պրոցեսներ, իհարկե, ընթանում են, սակայն մեր հիմնական դիտարկումն այն է, որ քաղաքական բանակցություններում չունենք հավասարը հավասարի հետ գործընթացներ և այս անհավասարությունն ազդում է արդյունքների վրա։ Այստեղ հայկական կողմի շահերը պաշտպանված չեն, քանի որ, իմ գնահատմամբ, հայկական կողմը գտնվում է մշտապես սպառնալիքների, ճնշումների ներքո»։
Panorama.am-ի հաջորդ հարցին ի պատասխան՝ ո՞ր դեպքում է հնարավոր համարում գերիների ազատ արձակում, Ս. Սահակյանն ասաց. «Քանի որ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է ամերիկյան կողմի ջանքերով, ունեն բոլոր հնարավորությունները ներազդելու Բաքվի իշխանությունների վրա։ Կարծում եմ՝ ունեն բարոյական պարտավորվածություն այս հարցերի շուրջ։ Եթե համաձայնագրի դրույթների կյանքի կոչմանն ուղղված առարկայական քայլեր լինեն, կարծում եմ, դրան զուգահեռ ադրբեջանական կողմն ազատ կարձակի որոշակի թվով գերիներ։
Բայց ազատ արձակումը ուղիղ կախված է խաղաղության համաձայնագրի կատարման աստիճանի հետ»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։