Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տղայիս տեսել եմ աչքերը բաց, չորացած, բերանը սոսինձով կպցրած. Խաղաղ պայմաններում մահացած զինվորի մայր
«Զանգահարել են Մուրացանի հոսպիտալից, ասել, որ գնանք այնտեղ, քանի որ իմ որդի կոմայի մեջ է։ Գնացել, տեսել ենք, որ նա արդեն մահացած է եղել, որովհետև ես իմ տղային տեսել եմ աչքերը բաց, չորացած, բերանը սոսինձով կպցրած, իբր նա կոմայի մեջ է եղել։ Եթե կոմայի մեջ է եղել, ինչուր էր բերանը սոսնձած»,-Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, հրավիրված ասուլիսում ասաց Իրինա Ղազարյանը՝ սպանված զինծառայող Արթուր Ղազարյանի իրավահաջորդ։
Նա նշեց, որ իր տղային արդեն մահացած են բերել հոսպիիտալ։
«Աննա Վարդապետյան, դու անձամբ իմ տղայի գործը նայել տեսել ես, որ իմ տղայի դիակն են բերել Մուրացանի հոսպիտալ, տաք օդ են տվել, դու որպես երկրի դատախազ, միթե այդքան բան տեսնելով, քո մեջ մի փոքր մարդկային զգացում չի արթնանում, որ ասես՝ ծնողը ճիշտ է, տղային մահացած են բերել, ծնողին ասենք, որ, այո՛, քո տղային մահացած են բերել։
Ում է ձեռք տալիս, որ տանում զինվորի գլուխն ուտում են և գործը չի բացահայտվում, այսինքը՝ սա ՊՆ-ն է , դատախազությունը, քննչականը։ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ բերք մի գործ, տեսեք ես ինչ կանեմ, 5 գործ ենք բերել ու ձեզ կետ առ կետ Վարդապետյանը ներկայացրել է Արթուրի գործը, որ ծնողը միանշանակ ճիշտ է, Արթուր Ղազարյանի գործը սպանություն է, բա ինչ եղավ, ինչու այդ գործին ընթացք չեն տալիս, թե միայն ձեր աթոռները զավթեցիք ու նստեցիք»,- ասաց Իրինա Ղազարյանը և հայտարարեց, որ մինչև վերջ գնալու են։
Սպանված կապիտան, խորքային հետախույզ Անդրանիկ Մկրտչյանի իրավահաջորդ Նարինե Մկրտչյանն ասաց, որ որդուն սպանել են Մեղրու Ագարակ քաղաքի զորամասի իր աշխատասենյակում։
«Վարկածը դրել են ինքնասպանություն, բայց չկա ոչ մի մատնահետք, ոչ մի ապացույց որ նա ինքնասպան է եղել։ Բայց չի կարող ինքնասպանությունից հետո իմ որդին 4-րդ դիրք ընդունի և ուղիղ պարկի, զենքն էլ մնա ձեռքի մեջ և մատնահետք էլ չկա։ Ու մինչև օրս այդ հոդվածը չեն փոխում»,-ասաց մահացած սպայի մայրը և հիշեց, որ գործն ուսումնասիրելուց հետո Վարդապետյանն ասել է, թե «գործն այնպես են մակիաժ արել, որ չգիտեն, թե շան գլուխը որտեղ է թաղված»։
«Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան» ՀԿ փաստաբան, իրավահաջորդների ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ մյուս սպանված Լևոն Թորոսյանի իրավահաջորդ Արմենուհի Պողոսյանը վատառողջ է և բացակայում է՝ նշելով, որ այս դեպքում էլ ակնհայտ սպանության գործը որակավորվել է ինքնասպանություն։
Պապիկյանը հայտնեց, որ գործող իշխանությունները հեռանալու են և պատմության մեջ մնալու են ոչինչ չանողներ՝ խայտառակ դատաիրավական համակարգով։
Փաստաբանը նշեց, որ Փաշինյանը և Վարդապետյանը խոսք էին տվել, որ այս գործերով ապացույցների ոչնչացման ուղղությամբ առանձին քննություն է ընթանալու և պատասխանատուները պատժվելու են, բայց դա էլ չի արվել և տուժածների իրավահաջորդները և նրանց շահերը ներկայացնող փաստաբանը պատրաստել են ցուցակներ և ներկայացրել իշխանությանը։
«Այդ ցուցակի մեջ կան այսօրվա բազմաթիվ պաշտոնյաներ, դատավորներ, դատախազներ, կայազորի ղեկավարներ, քննիչներ, ընդ որում՝ Հակակոռուպցիոն, Վճռաբեկ, Քրեական դատարանների, ԲԴԽ-ի բազմաթիվ բարձր պաշտոններ զբաղեցնողներ»,- ասաց փաստաբանը և նկատելով, որ պատասխանատուները պաշտոնի են նշանակվել վարչապետի, նախագահի և Վարդապետյանի հրամանագրերրով, հարցրեց, թե արդյոք կբացահայտվեն այդ գործերը