Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից հրաժարվողը չի կարող լինել Նիկոլ Փաշինյանը. Արտակ Բեգլարյան
«Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից հրաժարվողը չի կարող լինել Նիկոլ Փաշինյանը կամ ՀՀ վարչապետը»,-Արցախի ներկայացուցչության շենքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱՀ նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ Գերմանիայում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի ուղղված առաջարկ է հնչեցրել՝ ընդունել համատեղ ճանապարհային քարտեզ՝ զուգահեռ փակելով «Արևմտյան Ադրբեջան» և «Ղարաբաղի հայերի վերադարձ» թեմաները։
«Արցախի ժողովուրդը պետք է որոշի՝ վերադառնո՞ւմ է, թե՞ չի վերադառնում։ Արցախի ժողովուրդն է այդ իրավունքի տերը։ Տվյալ պահին ՀՀ վարչապետը կարող է միայն Հայաստանի կառավարության դիրքորոշումը ձևակերպել, որը մեզ համար խիստ անընդունելի ու ցանկալի չէ»,-մանրամասնեց Ա. Բեգլարյանը` դատապարտելի համարելով այն, որ Հայաստանի կառավարությունը նման դիրքորոշում ունի։
Նրա գնահատմամբ, Հայաստանի կառավարությունը արցախցիների իրավունքները վաճառքի է հանում, բացի այդ հավասարության նշան է դնում Արցախի ժողովրդի վերադարձի ու ադրբեջանցիների «վերադարձի» միջև։
«Դրա համար որևէ եզր չկա, ոչ պատճառների մասով, թե ով ինչպես լքել իր տունը, ոչ փոխհատուցումների, ոչ ծավալների, ոչ ժամկետների, ոչ էլ իրավական հիմքերի առումով»,-ասաց Արտակ Բեգլարյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանում ապրող ադրբեջանցիներն առանց բռնության, իրենց կամքով հեռացել են Հայաստանից։