Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան դեմ են ռուսական սառեցված ակտիվներով Ուկրաինային աջակցելուն
Քաղաքական
10:38 12/12/2025
Հայաստան

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան դեմ են ռուսական սառեցված ակտիվներով Ուկրաինային աջակցելուն

 

Բրիտանական բանկերը դեմ են արտահայտվել Ուկրաինային աջակցելու համար ռուսական սառեցված ակտիվներից մոտ 8 միլիարդ ֆունտ ստեռլինգ (ավելի քան 9 միլիարդ եվրո) հատկացնելու նախաձեռնությանը։ Այս մասին գրում է Financial Times-ը։ Բանկերը զգուշացրել են, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի առաջարկել ապահովագրություն Ռուսաստանի կողմից հնարավոր հակադարձ գործողություններից։ Ազդեցիկ բանկիրները հայտարարել են, որ իրենց սպառնում են իրավական լուրջ հետևանքներ, եթե ռուսական ակտիվները օգտագործվեն Ուկրաինային անտոկոս վարկ տրամադրելու համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիական կողմը նույնպես չի աջակցում Ֆրանսիայի առևտրային բանկերում սառեցված ռուսական ակտիվները Կիևի կարիքների համար օգտագործելու գաղափարին։ 

«Ֆրանսիացի պաշտոնյաները աջակցում են Ուկրաինայի համար «փոխհատուցման վարկի» գաղափարին, սակայն նշում են, որ դեմ են առևտրային բանկերում պահվող ակտիվներին վերաբերող սխեմային», -գրել էր  Financial Times-ը։

Հրապարակման համաձայն, Փարիզը պնդում է, որ նման բանկերն ունեն «տարբեր պայմանագրային պարտավորություններ»։ Ավելին, FT-ն գրում է, որ Ֆրանսիան «թաքցրել է բոլոր մանրամասները» այն ֆինանսական հաստատությունների մասին, որտեղ պահվում են ռուսական ակտիվները և թե ինչպես են օգտագործվում դրանցից ստացված միջոցները։ Փարիզը նշել է, որ դա պայմանավորված է նման տեղեկատվության «գաղտնի բնույթով»։

Դեկտեմբերի սկզբին Politico-ն հաղորդել էր, որ Եվրահանձնաժողովը պատրաստել է առաջարկ՝ Կիևին այսպես կոչված 165 միլիարդ եվրոյի փոխհատուցման վարկ տրամադրելու համար՝ օգտագործելով սառեցված ռուսական ակտիվները։ Այս ակտիվները հիմնականում պահվում են Բելգիայում։ Հրատարակության տվյալներով՝ 115 միլիարդ եվրո կուղղվի Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ֆինանսավորմանը, 50 միլիարդ եվրո՝ Կիևի բյուջեի կարիքները հոգալու համար, իսկ փաթեթի ևս 45 միլիարդ եվրո կօգտագործվի Ուկրաինային G7-ի վարկը մարելու համար՝ սկսած 2024 թվականից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder