Համարում եմ իմ լավագույն գործը. Լևոն Թոքմաջյանը՝ Պարույր Սևակի քանդակի մասին
Մշակույթ
17:40 12/12/2025
Հայաստան

Համարում եմ իմ լավագույն գործը. Լևոն Թոքմաջյանը՝ Պարույր Սևակի քանդակի մասին

Օրերս ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» քանդակը տեղադրվել է Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում։ Օգտատերերին զարմացրել, զայրացրել է  Թոքմաջյանի ստեղծած Սևակի քանդակը։

«Ավելի վատ արձան չկա՞ր»։ 

«Խեղճ Սևակը ոնց որ դաունի համախտանիշով հիվանդ լինի, թևերն էլ՝ թերզարգացած, վիզն էլ մեկին շտապ պետք է եղել, Լյուդովիկոս 14-ի ժամանակի պարիկով գլուխն էլ կարծես պոկել, կարել են կրծքավանդակին։ Մնացածն էլ չասեմ։ Լրիվ….»

«Ո՜նց ա զգացվում, որ քանդակագործը Սևակ չի սիրում»։

Panorama.am-ի հետ զրույցում Լևոն Թոքմաջյանն ասաց, որ քանդակը ստեղծելու պատվեր չի ունեցել, իր նվիրատվությունն է Զանգակատան միջնակարգ դպրոցին՝ ունենալով մարզպետի, գյուղապետի համաձայնությունը։  

«Եթե լինում է պատվիրատու, միջամտում է ինձ, շեղում է։ Ես իմ հոգում ունեի Պարույր Սևակի շատ որոշակի նկարագիր, այդպես էլ արեցի։

Գիտեք, առաջին հայացքից հեշտ է ստեղծել Սևակի քանդակը՝ հաստ շրթունքներ, գանգուր մազեր։ Կոպիտ ասեմ՝ գեղեցիկ տղամարդ չի եղել Սևակը, բայց այդ ամենի մեջ թաքնված է եղել շատ մեծ մարդասեր, շատ կանայք էին սիրահարվում Սևակին։

Ես ունեի Սևակի իմ պատկերը։ Ես համարում եմ, որ իմ ստեղծած քանդակը «Անլռելի զանգակատուն» է, բոլորն էլ այդպես ընկալեցին»,- ասաց քանդակագործը։ 

Ինչ վերաբերում է հնչող քննադատություններին, Լևոն Թոքմաջյանն ասաց, որ տեղյակ չէ․ «Գրառումներին ծանոթ չեմ, բայց ինձ համար խորթ չէ, իմ թշնամիները տարիներ շարունակ իմ հետևից գրել են։ Ես համարում եմ Սևակի կերպարի բացահայտում, հայտնագործություն ինձ համար։ Ինձ համար այս գործը լավագույնն է։ Եթե իր թոռն ընդունեց, համարում է՝ իր պապու նոր կերպար, մնացածներն ով, ինչ ուզում է, թող ասի։

Սա իմ հատուկ մտածողության արդյունքն է։ Այս հասակիս ստեղծեցի փայլուն գործ։ Համարում եմ իմ լավագույն գործը։ Նրանք ուզում եմ, որպեսզի լուսանկարչություն լինի,  ես լուսանկարչություն չեմ անում, իմ կերպարն եմ ստեղծում: Սա այն Պարույր Սևակը չէ, որին մենք ճանաչում էինք լուսանկարներից, նոր Պարույր Սևակ է, որը կոչվում է «Անլռելի զանգակատուն»։ Այդ տեսանկյունից պետք է մոտենալ։ 

Այստեղ կոնցեպտուալ մտածողության հարց է»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Համարում եմ իմ լավագույն գործը. Լևոն Թոքմաջյանը՝ Պարույր Սևակի քանդակի մասին