Նայե՛ք դուրս, արև կա՞, Փաշինյանը սխալ համեմատություններ է արել․ փորձագետ
Տնտեսություն
14:30 13/12/2025
Հայաստան

Նայե՛ք դուրս, արև կա՞, Փաշինյանը սխալ համեմատություններ է արել․ փորձագետ

«Սխալ համեմատություններ են արվել Նիկոլ Փաշինյանի կողմից»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե  արևային կայաններն իրենց հզորությամբ եռակի անգամ ավելի հզոր են մեր ատոմակայանից և այն մեծ հեռանկարներ կա՝  էներգետիկ անկախությունն ապահովելու տեսանկյունից։

«Լրիվ սխալ բաներ են, ինչո՞ւ։ Նախ ատոմային բլոկը, որ մեր մոտ աշխատում է, 400-450 մեգավատտ հզորություն ունի։ Երբ նա խոսում է, որ արևայինները 900 մեգավատտ են, դրանք ոչ թե 3 անգամ  են շատ, այլ՝ 2 անգամ։Բացի դրանից,   նույնիսկ 2 անգամ լինելու պարագայում  արևային համակարգերը շատ ավելի քիչ են էլեկտրաէներգիա արտադրում, քան մեր ատոմային բլոկը։ Եթե  նույնիսկ այդ արևակայանները 900 մեգավատտ են, այսինքն՝ 2 անգամ մեր ատոմակայանից հզոր, ապա նրանց օրական, տարեկան արտադրած էլեկտրաէներգիան, ատոմակայանի արտադրած էլեկտրակայանից մոտ 3-3․5 անգամ պակաս է։ Ատոմակայանն  աշխատում է օրվա մեջ 24 ժ, իսկ արևային կայանները օրվա մեջ աշխատում են լավագույն դեպքում՝6-7 ժ։ Հիմա լուսամուտից նայեք դուրս, ո՞ր արևային կայանն է աշխատում։ Արև չկա, արևը ծածկած է։Էլ ինչի՞ մասին է խոսքը, այսինքն՝ արևային կայանի աշխատանքի տևողությունը օրվա մեջ 6- 8 ժ ամենաշատը, իսկ ատոմային կայանը օրվա մեջ 24 ժ աշխատում է նույն մեծ հզորությամբ։Ու դրա համար  այդպիսի համեմատության անելը էներգետիկ տեսակետից միանգամայն անգրագետ է և սխալ։ Չգիտեմ՝ նա ումի՞ց է այդ մասին լսել, ո՞վ է նրան այդ նյութը ներկայացրել և այլն, բայց դա միանգամայն էներգետիկ տեսակետից սխալ է։ Դա ոչ միայն տեխնիկական սխալ է, այլ նաև առաջնորդության, ապագայի, ծրագրերի համար սխալ գործիք է»,- նշեց մեր զրուցակիցը։

  Արզումանյանը նկատեց, որ ավելի քան 25 տարի Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են, որպեսզի մեր ատոմակայանը փակվի։ 95 թ․-ին վերագործարկեցինք, ապա այդ ժամանակից ի վեր Թուրքիան արդեն դեմ է, որ մեր ատոմակայանը վերագործարկվեր։

«Հիմա Փաշինյանն այդպես խոսելով, շատ վատ գնահատելով մեր ատոմակայանը և նույնիսկ արևայինի հետ համեմատություն անցկացնելով, միանգամայն անգրագիտություն է»,- հավելեց Արզումանյանը՝ համաձայնելով, որ նմանօրինակ հայտարարությունները ջուր են լցնում թշնամու ջրաղացին։

Մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք  նոր էներգաբլոկ կառուցման անհրաժեշտություն կա այս պահին Հայաստանում, փորձագետը դրական պատասխան տվեց։

«Իհարկե, այդ անհրաժեշտությունը կա։ Հայաստանի գործող 2 բլոկը  10 տարով երկարաձգվել է, այսինքն 2036 թիվը, այսինքն՝ մենք 2036 թվից հետո կամ կունենանք նոր ատոմային բլոկ կամ էլ պիտի մտածենք, թե ինչպես,դա փոխարինել։  Հայաստանում, որպեսզի կառուցվի նոր ատոմային բլոկ, այնպիսին, ինչպիսին այսօր աշխատում է, դրա համար   բավական երկար ժամանակ է պետք լինելու։ Այսինքն՝ նոր ատոմային բլոկ կառուցելու համար  մենք արդեն իսկ պետք է մեկնարկը տրված լինեինք, գոնե՝ 2026թ․-ին, որոշում ընդունվի, պետական պայմանագիր կնքվի, տեխնիկական գիտական նախագծումը կատարվի, որպեսզի մենք այն  կառուցենք և 2036 թ․-ին կարողանանք այն ունենալ։  Միայն այս դեպքում կարող ենք խոսել 2036թ․-ին ատոմակայանի հնարավոր փակման մասին»,- ավելացրեց փորձագետը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ Համբուրգում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասել է, որ արևային կայաններն իրենց հզորությամբ եռակի անգամ ավելի են մեր ատոմակայանից։

«Հայաստանում արևային էներգետիկան շատ լուրջ զարգացում է ապրել։ Հիմա արևային կայաններն իրենց հզորությամբ եռակի անգամ ավեի են մեր ատոմակայանից։ Շատ կարևոր է, որ մենք կուտակիչ կայաններ ստեղծելու հնարավորություն ունենանք, որովհետև արևային էներգիան լավ է, բայց ինքը գիշերը չկա, պետք է ցերեկը կուտակել՝ գիշերն օգտագործելու համար, ինչը շատ մեծ հեռանկարներ է բացում, առաջինը մեր երկրի էներգետիկ անկախությունը ապահովելու համար և էլեկտրաէներգիայի արտահանման շատ մեծ պոտենցիալ կա»,–ասել է Փաշինյանը։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder