Վստահաբար հայտարարում ենք՝ ԵՄ-ն դեֆակտո լքել է Հայաստանը. Ակցիա՝ քաղբանտարկյալների հարցին ԵՄ ուշադրությունը սևեռելու նպատակով
Քաղաքական
16:27 15/12/2025
Հայաստան

Վստահաբար հայտարարում ենք՝ ԵՄ-ն դեֆակտո լքել է Հայաստանը. Ակցիա՝ քաղբանտարկյալների հարցին ԵՄ ուշադրությունը սևեռելու նպատակով

«Ազատություն քաղբանտարկյալներին», «Արդարություն առանց ընտրովի մոտեցմանը», «Եվրոպական արժեքներ ոչ թե թղթի վրա, այլ իրական կյանքում»։ Այս կարգախոսներով ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միությունը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության շենքի առջև  բողոքի ակցիա է իրականացնում։

«Սա առաջին անգամ չէ, որ մենք այստեղ ենք։ Սա խոսում է  այն մասին, որ խնդիրները դեռևս լուծված չեն։ ԵՄ-ն տարիներ շարունակ արձագանքել է  Հայաստանում քաղաքական ճգնաժամերին,  երբ դրանք համընկնում էին իրենց քաղաքական օրակարգին։ Մինչև 2018 թ. ԵՄ-ն հետևողականորեն  բարձրաձայնում էր մարդու իրավունքների, արադարադատության,  ժողովրդավարական չափանիշների,  խախտումների մասին։  Բայց այսօր՝  2025 թվականին, նույն ԵՄ-ն լուռ է։ Ստիպված ենք հարցնել՝ ինչու»,- ակցիայի ժամանակ հայտարարեցին մասնակիցները։

Ըստ նրանց, 2018 թվականից Հայաստանում   ձևավորվել է ընտրովի արդարադատության նոր համակարգ,   որտեղ քրեական հետապնդումները կիրառվում են ոչ թե օրենքի, այլ քաղաքական նպատակահարմարության հիման վրա։

«Հայաստանում հալածվում են եպիսկոպոսներ, բարերար, հասարակական-քաղաքական գործիչներ, ընդդիմադիր համայնքապետեր,  որոնք պահվում են ամիսներով նախնական կալանքի տակ, զրկված են արդար դատաքննության  իրավունքից, ենթարկվում են քաղաքական հետապնդումների։ Նրանք քաղբանտարկյալներ են՝ անկախ նրանից, թե ինչպես իշխանությունները նրանց կանվանեն։

Բաքվում պահվում են հայ գերիներ։ Այստեղ կրկին հարց ենք տալիս ԵՄ-ին՝ եթե մարդու իրավունքները համընդհանուր արժեք են, ինչո՞ւ են դրանք գործի դրվում ընտրովի, ինչո՞ւ կարող է ԵՄ-ն  խիստ դիրքորոշում արտահայտել աշխարհի մի մասում, սակայն մյուս մասում իր գործընկեր երկրում արձանագրվող  խախտումներին՝ կամընտրական։ Լռությունը դիվանագիտություն չէ, քաղաքական  ընտրություն է, ուղիղ ազդանշան է իշխանություններին շարունակելու, իսկ քաղաքացիներին՝ վախենալու»։

Ակցիայի մասնակիցները պահանջում են ԵՄ-ից՝ հետևել իր հայտարարած սկզբունքներին, պաշտոնապես արձանագրել Հայաստանում քաղբանտարկյալների առկայութունը, ներառել կոնկրետ  գործեր ԵՄ-Հայաստան քաղաքական օրակարգում, պահանջել քաղբանտարկյալների ազատ արձակում, հստակ դիրքորոշում հայտնել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցում։

«Եթե ԵՄ այսօր լռում է, այդ լռությունը կբերի նոր ճնշումների, քաղբանտարկյալների։

Վստահաբար հայտարարում ենք, որ  ԵՄ-ն դեֆակտո լքել է Հայաստանը, քանի որ անգործության է մատնված, խախտումների մասին արձանագրումներ չեն անում։ Այստեղ միայն մոռացել են ԵՄ դրոշն ու զինանշանը, մոռացել  հայտարարություն անել, որ այս շենքը տրվել է  վարձով։ Մենք այդ սխալը կուղղենք»,- ասացին ակցիայի մասնակիցները։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder