Միքայել Սրբազանին դատարանի դահլիճում դիմավորեցին ծափերով
Իրավունք
16:15 15/12/2025
Հայաստան

Միքայել Սրբազանին դատարանի դահլիճում դիմավորեցին ծափերով

Վերաքննիչ քրեական դատարանում ներկաները Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դիմավորեցին ծափահարություններով։

«Լա՞վ եք։ Ի՞նչ կա-չկա»,-դիմելով առաջիկա շարքերում նստածներին՝ հարցրեց Սրբազանը։

«Առողջությունն ինչպե՞ս է»,-հարցրին Սրբազանին։

«Հոյակապ, լավ եմ»,-արձագանքեց նա։

Դատարանի դահլիճում լսելի են «Սրբազան, սրբազան» վանկարկումները։ Նիստը մեկնարկեց ուշացումով։ Նախագահող դատավոր Է. Մանասյանն ասաց, դատախազները չեն ներկայացել դատարան, դատարանից կապ են հաստատել նրանց հետ՝ հասկանալու պատճառը։ Հանրային մեղադրողները նշել են, որ դատական նիստի օրվա ու ժամի մասին ծանուցագիր չեն ստացել։ Դատավորն ասաց՝ ծանուցագրեր ուղարկվել են հատուկ փոստային ծառայության միջոցով, այս պահին դատարանին հանգամանքներ հայտնի չեն, թե ինչ պատճառով ծանուցագիրը չի հասել հասցեատերերին։

Փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց՝ նման պայմաններում նիստը չի կարելի շարունակել, նաև խնդրեց, հաջորդ նիստին ավելի մեծ դահլիճ տրամադրել, քանի որ նիստին ներկա լինելու ցանկություն ունեն շատերը։

«Պարոն Զոհրաբյան, դատական նիստ պետք է անցկացվեր թիվ 2 դահլիճում, որն անհամեմատ ավելի փոքր էր։ Մեր դատական կազմին կցվածը թիվ 2 դահլիճն է։ Հաշվի առնելով հանրային  հետաքրքրությունն ու անձանց քանակը՝ փորձեցինք ավելի մեծ  դահլիճում անցկացնել։ Կփորձենք հնարավորության դեպքում ավելի մեծ դահլիճ տրամադրել»,-ասաց դատավորը։

Նշենք, որ  Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ (դատավորներ՝ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան) մեկնարկեց Միքայել Սրբազանի գործով պաշտպանների և դատախազի վերաքննիչ բողոքների նիստը։ Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանի պաշտպանները դիմել են Վերաքննիչ դատարան՝ խնդրելով ամբողջությամբ բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել Գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միքայել Սրբազանին դատարանի դահլիճում դիմավորեցին ծափերով