Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը Խամենեի խորհրդականին ներկայացրել է «Թրամփի ուղին»
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանատնից հայտնում են.
«Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ: Անդրադառնալով Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցներն ընդգծել են այդ հարաբերությունների պատմական ու ռազմավարական բնույթը և փոխադարձ կամքը՝ դրանք առավել խորացնելու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանն ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված գործընթացի վերջին զարգացումները: Ալի Աքբար Վելայաթին ողջունել է երկու հարևան պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը:
Անդրադառնալով տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակման գործընթացին՝ դեսպան Հակոբյանն ընդգծել է, որ «ԹՐԻՓ ուղին» կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա և ստեղծելու է լայն հնարավորություններ տարածաշրջանի փոխկապակակցվածության ու տնտեսական զարգացման համար: ՀՀ դեսպանը վերահաստատել է, որ Երևանը բարձր է գնահատում վերոնշյալ սկզբունքներն անվերապահորեն հարգելու վերաբերյալ Թեհրանի աներկբա դիրքորոշումը և փոխադարձաբար հաշվի է առնում բարեկամ Իրանի անվտանգային ու քաղաքական զգայունությունները:
Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանային հարցերի վերաբերյալ շարունակական երկխոսությունների ու խորհրդակցությունների անցկացումը»։