Թիվ 19 պոլիկլինիկայի պերճանքն ու թշվառությունը կամ ինչպես են այստեղ նպաստում վիրուսի տարածմանը
Առողջություն
13:05 15/12/2025
Հայաստան

Թիվ 19 պոլիկլինիկայի պերճանքն ու թշվառությունը կամ ինչպես են այստեղ նպաստում վիրուսի տարածմանը

Օրեր շարունակ ՔՊ-ական մի քանի պատգամավորներ իրենց ֆեյսբուքյան էջերում տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակում, թե ինչ հիմնանորոգում է իրականացվում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 19 պոլիկլինիկայում։ Դռներն են փոխել, պատերն են ներկել, նոր սարքավորումներ են բերել։

Սա էլ բավարար չէ, հարևանությամբ գտնվող թիվ 9 մանկական պոլիկլինիկայի անձնակազմն ու հաճախորդներին տեղափոխել են այս շենք։ Օդում կախված լուրերի համաձայն,  9-րդ պոլիկլինիկայի շենքի վրա աչք ունեցողներ կան, ինչն էլ օպտիմալացման պատճառ է դարձել։ Բայց այդ շենքի ճակատագրի մասին հաջորդ անգամ։

Պարզվում է՝ ՔՊ-ականների գովերգած հիմնանորոգումն ի չիք է դառնում, երբ հայտնվում ես պոլիկլինիկայում որպես հիվանդ։ Panorama.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին պատմում է, որ ռենտգեն հետազոտության ենթարկվելու համար այսօր ժամը 9։30-ից հերթ է պահել,  սպասարկվել է ժամը 11-ին մոտ։

Նա պատմում է, որ վիրուսների տարածման այս պիկ սեզոնին այստեղ հետազոտություն են անցնում թե հարևանությամբ գտնվող ԲԿ-ում ստացիոնար բուժում ստացող երեխաները, թե թոքաբորբի կասկածով, վիրուսակիր մարդիկ, թե սանգրքույկի համար հետազոտովող առողջ քաղաքացիները, թե վնասվածք-կոտրվածք ունեցողները։

«Պատկերացնո՞ւմ եք, ամբողջ միջանցքում ջերմող, գունատ, հազացող երեխաներ են, նրանց հետ նույն տեղում մատի, ձեռքի կոտրվածք ստացած երեխաներ, կատետրը ձեռքներին մանկահասակ երեխաներ, մեծեր ու սանգրքույկով հետազոտության եկած առողջ մարդիկ։ Հետո ասում են, վիրուսը տարածվում է։ Նման պայմաններում ո՞նց չի տարածվի»,-ասում է կինը։

Նրա խոսքով, սա էլ վերջը չէ։ Ռենտգեն հետազոտության ենթակվելուց հետո հիվանդները մոտենում են բժիշկների սենյակին, որպեսզի անկետաներում ախտորոշումը գրվի։ Հենց այդ սենյակի դիմաց սոնոգրաֆիայի սենյակն է, որտեղ հետազոտվում են հղիները։

«Հիմա հարց եմ տալիս, մե՞նք ենք տարածում վիրուսը, հարգելի առողջապահության նախարարություն, պոլիկլինիկայի տնօրինություն, թե՞ դուք»,-բարկանում է կինը՝ ավելացնելով, որ իր ներկայությամբ հետազոտվածներից շատերի մոտ թոքաբորբ է ախտորոշվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թիվ 19 պոլիկլինիկայի պերճանքն ու թշվառությունը կամ ինչպես են այստեղ նպաստում վիրուսի տարածմանը