Ձեռնարկատերերը զգուշավոր են դառնում Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելիս. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա
Քաղաքական
15:22 16/12/2025
Աշխարհ

Ձեռնարկատերերը զգուշավոր են դառնում Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելիս. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ռուսական կողմի ուշադրության կենտրոնում։ Այս մասին  «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է  ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

Նա ընդգծել է, որ Կարապետյանը ներկայում մեղադրանք է առաջադրված քրեական օրենսգրքով։

«Ռուսաստանի քաղաքացիների և ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը միշտ եղել է և միշտ կլինի մեր գերակա խնդիրը։ Մենք չէինք ուզի,  որ Կարապետյանի տարիներով կառուցած բիզնես ձեռնարկությունները, թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում տուժեն։ Մենք ապահովել ենք հյուպատոսական  հասանելիություն րևանում Ռուսաստանի դեսպանատան միջոցով։ Մեր դիվանագետները վերջին անգամ այցելել են նրան դեկտեմբերի սկզբին»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնյան։

Կալուգինը նշել է, որ ստանում են Կարապետյանի առողջության վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, այդ թվում՝ նրա փաստաբանների և հարազատների միջոցով։

«Ս. Կարապետյանը հայտնում է, որ իրեն լավ է զգում, լավատես է և լավ տրամադրություն ունի։ Մենք հարցը բարձրացնում ենք հանրապետության պաշտոնյաների հետ շփումների ժամանակ։ Ընդգծում ենք, որ Կարապետյանը վեց ամիս կալանքի տակ է առանց դատարանի որոշման։ Մենք նաև ազդանշաններ ենք փոխանցում, որ այս իրավիճակում այլ հայ ձեռնարկատերեր զգուշավոր են դառնում Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելիս և կասկածի տակ են դնում նրա ներդրումային միջավայրի կայունությունը, որը, հավանաբար, չի նպաստի երկկողմ առևտրի աճի տեմպի պահպանմանը»,-ասել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder