Եթե ընտրողների թիվը գերազանցի 1 մլն 300 հազարը, որևէ մոդել Նիկոլ Փաշինյանին փրկել չի կարող. Քաղաքագետ
Քաղաքական
13:48 16/12/2025
Հայաստան

Եթե ընտրողների թիվը գերազանցի 1 մլն 300 հազարը, որևէ մոդել Նիկոլ Փաշինյանին փրկել չի կարող. Քաղաքագետ

«Ակնհայտ է, որ ԵՄ բյուրոկրատիան էլեկտորալ ավտորիտարիզմի մոդել է մշակել, որն իր սատելիտ ռեժիմներին առաջարկում է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի՝ Հայաստանի աջակցության մասին հայտարարությանը։

Նրա խոսքով, այդ մոդելի առաջին փորձարկումը տեղի է ունեցել Ռումինիայում, երբ առաջին փուլում ջախջախիչ հաղթանակ տարած թեկնածուն կեղծ հիմնավորումով դուրս հանվեց ընտրական գործընթացից։ Մոլդովայում ավելի փափուկ կիրառեցին։

«Ի՞նչ է մոլդովական մոդելը. Ֆիլտրումների համակարգ, երբ կամայականորեն Ռուսաստանի հետ կապի պատրվակով ընտրություններից դուրս են թողնում ընդդիմադիր ուժերին, երբ խտրական մոտեցումներ են ցուցաբերվում այս կամ այն դիտորդական առաքելության նկատմամբ, ինչպես նաև իշխանության կոմից պրոպագանդիստական արշավ, երբ ուժերը կապվում են Ռուսաստանի հետ»,-մանրամասնեց Սուրենյանցը։

Նրա խոսքով, ստացվում է, որ մտացածին կերպով Ռուսաստանի կողմից հիբրիդային պատերազմ կա, իշխանությունն էլ հերոսաբար պայքարում է դրա դեմ։

«Դրանով է պայմանավորված հիբրիդային պատերազմի թեմայի ակտիվացումը։ Հակաեկեղացական արշավում հենց այդ պատճառով Նիկոլ Փաշինյանը շեշտադրում փոխեց, կուսակրոնության հիմքով այդ արշավը սկսեցին, բայց հիմա ավելի շատ Կաթողիկոսին քննադատում են օրինակ ինչ-որ ավագ լեյտենտատի զեկույցներ ներկայացնելու հարցում։ Հիմա ամեն ինչը հիբրիդային պատերազմի հետ են կապելու, անձրևը, ձյունը, ամեն ինչը»,-ասաց նա։

Քաղաքագետն ընդգծեց, բոլոր լուրջ սոցիոլոգիական հարցումներով ընդդիմադիր ուժերի ունեցած քվեների գումարը գերազանցում է ՔՊ-ի ունեցած ձայներին։ Հետևաբար, առանց արտաքին աջակցության ՔՊ-ն հաղթել չի կարող։

«Հետևաբար, ՔՊ-ն պետք է դիմի կեղծիքների, ԵՄ-ն դա խրախուսի։ Ամբողջ տրամաբանությունը կառուցվելու է դրա վրա։ Հայաստանում սկսելու են ֆիլտրել, որ ընդդիմադիր կուսակցությանը թողնեն մասնակցել ընտրություններին, որին՝ չէ։ Ընդդիմադիր թեկնածուների դեմ կարող են քրեական գործեր հարուցել։ Մոլդովական սցենար ասվածը ռեպրեսիոների շատ հարուստ զինանոց է ենթադրում, մեկ ուղղություն չէ»,-նշեց նա։

Այս ամենի դեմն առնելու համար, ըստ Panorama.am-ի զրուցակցի, պետք է ընդդիմությունը շեշտը դնի այն բանի վրա, որ ընտրություններին ավելի մեծ թվով ընտրողներ մասնակցեն։

«Եթե ընտրողների թիվը գերազանցի 1 մլն 300 հազարը, որևէ մոդել Նիկոլ Փաշինյանին փրկել չի կարող, և նրա իշխանության վերարտադրության պլանը կձախովի։ Որպեսզի ընտրողների շատ ակտիվ մասնակցություն լինի, ապա պետք է ազդեցիկ ընդդիմադիր ուժերից մի քանիսն իրենց վարքագծով, ծրագրերով, լիդերների խոսքով կարողանան հասարակության համար այլընտրանք դիտվեն, մարդկանց համոզիչ թվա, որ նրանք կարող են իշխանություն փոխեն»,-ասաց Սուրենյանցը։

Զրույցն ամբողջությամբ՝ ձայնագրությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե ընտրողների թիվը գերազանցի 1 մլն 300 հազարը, որևէ մոդել Նիկոլ Փաշինյանին փրկել չի կարող. Քաղաքագետ