Ես իմ գործունեությամբ «ցավացրել» եմ որոշ մարդկանց», կբողոքարկեմ ՔՊ վարչության որոշումը. Հայկ Սարգսյան
Քաղաքական
12:32 17/12/2025
Հայաստան

Ես իմ գործունեությամբ «ցավացրել» եմ որոշ մարդկանց», կբողոքարկեմ ՔՊ վարչության որոշումը. Հայկ Սարգսյան

«Կուսակցությունը ինձ հրավիրել է, ինչպես մյուս թեկնածուներին, կարճ քննարկման, որից հետո տեղեկացրել են, որ վարչությունը որոշել է մերժել իմ առաջադրումը»,- ԱԺ-ում լրագրոների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Նա տեղեկացրեց, որ  կուսակցությունն ի դեմս վարչության նախագահի, տարածել է  հայտարարություն՝ նրանք, ովքեր ցանկանում են առաջադրվել ԱԺ առաջիկա ընտրություններում ցուցակում ընդգրկվելու համար, կարող են դիմել նոյեմբերի 1-30-ը, իսկ դեկտեմբերի 1-31-ը կհաստատվի ցուցակը, որից հետո համագումարում կդրվի քվեարկության, որտեղ էլ պատվիրակները կքվեարկեն,  ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն կլինի առաջին համարը, այնուհետև ըստ ձայների քանակի կձևավորվի ցուցակը։

Հ.Սարգսյանն ասաց, որ այս պահին ունի երկու  ճանապարհ՝ գնալ տուն և չլինել ցուցակում,  երկրորդ՝ բողոքարկել վարչության որոշումը՝ իրացնելով  կուսակցականի իր իրավունքները։

«Ես ընտրել եմ երկրորդ ճանապարհը՝ բողոքարկելու եմ վարչության որոշումը։ Սա անում եմ նաև իմ գաղափարակից ընկեր Նիկոլ Փաշինյանի  համար»,- նշեց նա։

Հարցին՝  ունի՞ պատասխան, թե ինչու է վարչությունը մերժել իր առաջադրումը, նա ասաց. «Ես իմ գործունեությամբ «ցավացրել» եմ որոշ մարդկանց»։

Նա նշեց, որ ինքը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնություններով. «Ամենախնդրահարույց օրենքի նախագիծը, որի պաճառով վարչության անդամներից մի քանիսը, կամ  մեկի գլխավորությամբ որոշել են մերժել իմ առաջադրվելու իրավունքը, վերաբերում է օն-լայն կազիոնների հարկերը  կրկնապատկելուն»։

«Ես պայքարելով հասել եմ արդյունքի՝ ի շահ մեր պետության, վտանգելով նաև իմ սեփական կյանքը, քանի որ մարդիկ, որոնք միլիարդներով գումարը դնում էին իրենց գրպանները, հիմա պետք է տան պետությանը։ Ստացվում է՝ ես մեծ օգուտ բերելով իմ պետությանը, հայտնվել եմ թիրախային իրավիճակում, վարչության որոշ անդամներ, մեղմ ասած, չեն գնահատում իմ գործունեությունը»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։ 

Նա նշեց, որ իրեն տեսնում է Ազգային ժողովում, այլ պաշտոն զբաղեցնելու որևէ ամբիցիա չունի։

«Տիգրան Ավինյանը չի մասնակցել վարչության նիստին, դեմ չի եղել։ Իմ ընկերն է, բանավոր խոսում ասել է, որ ցավում է  այդ որոշման համար, եթե ներկա լիներ՝ կողմ կքվեարկեր։ Նա իմ ընկերն է, նա սատարում է ինձ, ես իրեն»։

Հարցին՝  ի՞նչ հարաբերությունների ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ասաց, որ առաջիկայում կխոսի այդ մասին։ 

«Ձեր ընկե՞րն է, ինչպես Տիգրան Ավինյանը» հարցին արձագանքեց. «Ոչ»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder