Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կառավարությունը 175,3 մլն դրամ հատկացրեց Լոնդոնի միջազգային աճուրդում 1188 թվականին քանդակված՝ եկեղեցու փայտյա դռան փեղկը գնելու համար
«Բացառիկ մշակութային արժեք ենք ձեռք բերում, մասնավորապես պահուստային ֆոնդից 175 մլն 360 հազար դրամ է հատկացվում, որպեսզի Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքը, որը 1188 թվականին պատրաստված և քանդակված՝ եկեղեցու փայտյա դռան փեղկ է, ձեռք բերվի և Հայաստան տեղափոխվի»,-կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի խոսքով փորագրությունների, զարդանախշային համակարգը ցույց է տալիս, որ այն եզակի նմուշ է և այդ զարդանախշային համակարգի տիպաբանությունը ամբողջությամբ համահունչ է հայկական միջնադարյան գեղարվեստական ավանդույթներին:
«Մինչև 1990-ական թվականները մեզ հայտնի էր միայն 8 նման կտորի մասին, և փայտի փորագրության նմուշները բացառիկ են: Այս պարագայում խոսում ենք մի նմուշի մասին՝ այդ 8-ից մեկի, որը շրջանառության մեջ է դրվել 1980-ականների վերջերին և գտնվել է Նյու Յորքի մասնավոր հավաքածուում»,- ասաց Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ ԿԳՄՍՆ-ն այժմ իրականացնում է միջազգային աճուրդների դիտանցումներ, և այն մշակութային արժեքները, որոնք հայկական ժառանգության կարևոր մասն են և փորձում են ձեռք բերել:
«Բոլորովին վերջերս Արշիլ Գորկու մի կտավ ենք ձեռք բերել, որը շուտով կլինի Հայաստանում. այդ աշխատանքի ժամանակ ենք նկատել այս փեղկը: Սա հին հայկական եկեղեցիների մուտքի համար օգտագործված փեղկ է՝ Բագրատունյաց շրջանին բնորոշ: Իրականացվել են նաև համապատասխան ռադիոածխածնային վերլուծություններ, որոնք վկայում են նրա տարիքի մասին: Կան նաև հրապարակված հոդվածներ, որոնք վկայում են դռան մշակութային նշանակության մասին: Նաև գործուղել էինք մասնագետ, որը տեղում համոզվել է, որ այն, ինչ ձեռք ենք բերում, բացառիկ նշանակություն ունի:Նախատեսում ենք, որ փեղկը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում»,- ասաց նա: