Դրամական խրախուսում կստանան բարձր նվաճում ունեցող մարզիկները, նրանց մարզիչներն ու բժիշկները
Սպորտ
17:50 18/12/2025
Հայաստան

Դրամական խրախուսում կստանան բարձր նվաճում ունեցող մարզիկները, նրանց մարզիչներն ու բժիշկները

Սպորտի ասպարեզում միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական խրախուսում տրամադրելու նպատակով ՀՀ պետական բյուջեից կատարվել է 252, 5 մլն դրամի լրացուցիչ հատկացում. որոշումն ընդունվել է գործադիրի վերջին նիստում: Միջոցները հատկացվել են Կառավարության պահուստային ֆոնդից, որի արդյունքում բարձր նվաճումներ ունեցող մարզիկների, նրանց մարզիչների և բժիշկների խրախուսման ընդհանուր ֆոնդը 2025 թվականին կկազմի 713,7 մլն դրամ:

ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ըստ այդմ՝ ցուցաբերած մարզական բարձր արդյունքների համար  դրամական խրախուսում կտրվի Օլիմպիական, Պարալիմպիկ, Սուրդլիմպիկ խաղերում, Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև Օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի) օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող մարզիկները), Եվրոպական խաղերում, Շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնում, Համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին:

Խրախուսում կստանան նաև ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչները, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչները և բժիշկները:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder