«Ժողովուրդ». «Ապրելու երկիր» կուսակցությունն ունի միանշանակ որոշում՝ մասնակցել ընտրություններին
Օրվա մամուլ
08:40 19/12/2025
Հայաստան

«Ժողովուրդ». «Ապրելու երկիր» կուսակցությունն ունի միանշանակ որոշում՝ մասնակցել ընտրություններին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Համապետական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում ակտիվացել են տարբեր ուժերի միջև հանդիպումներն ու քննարկումները։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ մի շարք քաղաքական ուժեր արդեն իսկ ունեցել են համատեղ քննարկումներ՝ հնարավոր համագործակցության և օրակարգային հարցերի շուրջ։ Խոսքը վերաբերում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը, «Նժար» շարժմանը, «Սասնա ծռեր» կուսակցությանը, «Հաղթանակ» կուսակցության առաջնորդ, քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանին, «Ապրելու երկիր» կուսակցությանը։

Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ քննարկումները կրել են բաց և հրապարակային բնույթ։

«Նշված ուժերի կողմից մի քանի անգամ կազմակերպվել են քննարկումներ, որոնց մեր թիմակիցներն իրենց մասնակցությունն ունեցել են։ Քննարկումները եղել են հրապարակային՝ տարբեր թեմաների շուրջ, այդ թվում Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և այլ հարցերի», – ասաց Առաքելյանը։

Անդրադառնալով համապետական ընտրություններին և հնարավոր համաձայնություններին՝ Առաքելյանը ընդգծեց, որ դեռևս վերջնական որևէ որոշում չկա։ «Տարբեր ուժերի հետ տարբեր քննարկումներ կան։ Չեմ բացառում նաև քննարկումները ձեր կողմից թվարկած ուժերի հետ, սակայն այս պահին որևէ հստակ պատկերացում կամ համաձայնություն գոյություն չունի։ Քննարկումներն ու աշխատանքները շարունակվում են», – նշեց նա։

«Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց նաև, թե ինչպիսին է «Ապրելու երկիր» կուսակցության վերաբերմունքը քաղաքական դաշտում նոր ձևավորված «Միասնության թևեր» շարժման նկատմամբ։

Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ հարաբերությունները վաղուց են ձևավորված։ «Մենք լավ հարաբերություններ ունենք և  ունեցել ենք դեռևւս մինչև  շարժման ձևավորումը։

Արման Թաթոյանը մշտապես դրսևորել է ակտիվություն և հանրային պատասխանատվություն, ուստի հնարավոր քննարկումները նոր չեն», – ասաց նա։

Ինչ վերաբերում է 2026 թվականին հնարավոր միավորմանը կամ միասնական թեկնածու առաջադրելու հեռանկարին՝ Առաքելյանը նշեց, որ առայժմ որևէ հստակ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ Նա ընդգծեց, որ «Ապրելու երկիր» կուսակցությունն ունի միանշանակ որոշում՝ մասնակցել ընտրություններին, իսկ համագործակցության ձևաչափի հարցը դեռ քննարկման փուլում է։

Միաժամանակ Մեսրոպ Առաքելյանը վստահեցրեց, որ կուսակցությունում թեկնածուի խնդիր չկա։ Նրա խոսքով՝ հստակ որոշման դեպքում կուսակցության նախագահի՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունն ամենահավանականն է, սակայն չբացառեց նաև սեփական մասնակցությունը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder