Գերագույն հոգևոր խորհուրդը հրատապ է համարել Եպիսկոպոսաց ժողովի գումարումը մոտ ապագայում, տրվել են հանձնարարականներ
Հասարակություն
17:19 19/12/2025
Հայաստան

Գերագույն հոգևոր խորհուրդը հրատապ է համարել Եպիսկոպոսաց ժողովի գումարումը մոտ ապագայում, տրվել են հանձնարարականներ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, ժողովին անդրադարձ է կատարվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին, տասը եպիսկոպոսների խոտոր ընթացքին և դրա պառակտիչ հետևանքներին, Եկեղեցու շուրջ տիրող իրավիճակի հաղթահարման ուղիներին։

Քննարկման առարկա է դարձել հոգևորականների ու Եկեղեցու հավատավոր զավակների նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումները և քրեական վարույթներով իրավական գործընթացները։ Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատել է իր պահանջը ՀՀ իրավապահ և դատական մարմիններից, որ արդարադատություն, օրինականություն ապահովվի շինծու մեղադրանքներով ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և այլ նվիրյալ հայորդիների նկատմամբ։ Շեշտվել է, որ Մայր Աթոռը բոլոր հասանելի օրինական միջոցներով պետք է հետամուտ լինի Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանությանը, եկեղեցապատկան բռնազավթված սրբավայրերի վերադարձմանը։

Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի է նկատել իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին, վիրավորում մեր ժողովրդի կրոնական ապրումները և ոտնահարում Հայոց Եկեղեցու իրավունքներն ու դարերով նվիրագործված ավանդույթները։

Մասնավորաբար քննության է  առնվել նաև վարչապետի ներկայությամբ մատուցվող պատարագներին հարկադրաբար Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման հարցը։ Ընդգծվել է, որ սույն երևույթը նոյեմբերի 26-ի եպիսկոպոսաց ժողովում միաձայն դատապարտվել էր որպես եկեղեցաբանական տեսանկյունից հակականոնական, որ կարող է հանգեցնել հերձվածի։ ԳՀԽ անդամները տարակուսելի են նկատել, որ ժողովական որոշմանը կողմ հանդես եկած որոշ եպիսկոպոսներ հետագայում մասնակից դարձան իշխանության նախաձեռնությամբ կազմակերպված աղճատված արարողություններին։

Անդրադառնալով տասը եպիսկոպոսների խոտոր ընթացքին, միաբանությունից ինքնամեկուսացմանը և ԳՀԽ անդամ եպիսկոպոսների բացակայությանը ժողովներից՝ ԳՀԽ-ն իր մտահոգությունն է արտահայտել  վերջիններիս որդեգրած պառակտիչ կեցվածքի առնչությամբ՝ այն դիտարկելով իբրև խախտում նրանց հոգևոր ուխտի և հարված Եկեղեցու միասնականությանը։ Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է նկատել նաև եպիսկոպոսների բարձրաձայնած անհիմն մեղադրանքները և դրանց արծարծման կերպերը՝ կարևորելով, որ նրանք հրաժարվեն պարտադրված, հակականոնական օրակարգերից, վերադառնան Մայր Եկեղեցու գիրկը՝ առաջնորդվելով բացառապես եկեղեցական կանոնական ընթացակարգերով։

Ստեղծված մտահոգիչ, Եկեղեցու և նրա աշխարհասփյուռ հոտի համար անցանկալի այս իրավիճակի հաղթահարման հրամայականից ելնելով՝ Գերագույն հոգևոր խորհուրդը հրատապ է համարել Եպիսկոպոսաց ժողովի գումարումը մոտ ապագայում։ Այս կապակցությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Ժողովին առաջարկ է ներկայացվել համապատասխան քայլեր ձեռնարկելու միջազգային կազմակերպությունների և իրավապաշտպան կառույցների հետ գործակցության ուղղությամբ՝ կասեցնելու պետական քարոզչամեքենայի կողմից Եկեղեցու շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ տարածվող թյուր ընկալումները։

Ժողովականներն իրենց գնահատանքն է հայտնելայս դժվարին օրերին Հայոց Եկեղեցու նկատմամբ հավատարմություն դրսևորած հոգևորականներին՝ փորձությունները արիությամբ, հավատով ու միասնականությամբ հաղթահարելու համար։ ԳՀԽ հորդորել է հոգևոր սպասավորներին հոգեխնամ առաքելության շրջանակներում պատշաճ իրազեկումներով գոտեպնդել իրենց հավատացյալներին և հորդորել զերծ մնալ Եկեղեցու միասնականությունը խաթարող երևույթներից։

Անդրադարձ կատարելով ժողովից առաջ՝ Երեկոյան ժամերգությանը, Մայր Տաճարի շրջափակում եպիսկոպոսաց կազմակերպած հավաքի պատճառով հրահրված անկարգություններին՝ Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտել է վանքի հոգևոր մթնոլորտը խաթարած հակաօրինական գործողությունները։ Ժողովականներն իրենց գնահատանքն է հայտնել հավատավոր ժողովրդին, հակառակ կազմակերպված խժդժությունների, դրսևորած զգոնության, եկեղեցանվիրումի և հավատարմության համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder