Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀՀ-ի անվտանգային համակարգի լուրջ խաթարում է. Մետաքսե Հակոբյան
Կառավարության վերջին նիստից հետո կայացած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հիմա մենք ասենք, որ Ղարաբաղի ժողովրդի վերադարձի օրակարագ ենք որդեգրելու, ո՞վ է շահելու դրանից, Ղարաբաղի ժողվուրդը շահելու է՞...Դուք ասում եք (արցախցիների վերադարձի հարցը բարձրացնելով)՝ եկեք Ղարաբաղի ժողվորդին հայ ժողովրդի մնացած մասերի նման դատապարտենք հավիտյան պանդուխտի կարգավիճակի... Ուղիղ ասում եմ, մենք հրաժարվում ենք այդ ճանապարհից։ Մենք ասում ենք՝ Ղարաբաղի սիրելի քույրեր և եղբայրներ, դուք պետք է տնավորվեք ՀՀ տարածքում և ստանաք քաղաքացիություն»։ Մեջբերված հայտարարությունը մեկնաբանելու համար Panorama.am-ը դիմեց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանին։
Panorama.am-Ես փորձում եմ ամեն անգամ իր մտքերում գնահատման գերադրական աստիճանը գտնել, բայց չեմ գտնում։ Հերթական ցնորքն է, որովհետև երկու տարի է անցել տեղահանումից և, ցավոք սրտի, մենք մեր իսկ հայրենիքի այս հատվածում պանդուխտ ենք զգում մեզ՝ ի շնորհիվ նույն Նիկոլ Փաշինյանի։ Ըստ մեզ, եթե լիներ նորմալ ղեկավար, բնական է, որ մենք այդ զգացողությունը չէինք ունենա, որովհետև մեր իրավունքների պաշտպանություն կլիներ։ Այսինքը՝ եթե որպես այդպիսին կա բանակցային գործընթաց, ապա յադ օրակարգում արցախցիների վերադարձի իրավյունքը, որն այսօր միջազգային գրեթե բոլոր հարթակներում միանշանակորեն ընդունվում է՝ ի շնորհիվ ԱՀ ԱԺ-ի և մեր՝ պատգամավորներից կողմից լիազորված հանձնախմբի կատարած աշխատանքի, որի բոլոր արձագանքներն ունենք, միանշանակ ընդունվում է, պետք է օգտագործվեր։ Ցավով եմ նշում, որ այդ հարցը փակված է միայն Հայաստանի Հանրապետությունում, ներկայիս իշխանությունների ձեռքով և այդ ժամանակահատվածում, քանի դեռ իրենք կան՝ նաև ադրբեջանական կողմից։
Մենք շատ լավ գիտակցում և հասկանում ենք, որ այսօր չխոսել մեր իրավունքներից, միջազգային հանրության և Ադրբեջանի առաջ չունենալ պահանջ արցախցիների վերադարձի մասով՝ այն ուղիղ վտանգ է հենց Հայաստանի համար, որովհետև լեգիտիմացնում է այն ամենը, ինչը, որ տեղի է ունեցել արցախցիների նկատմամբ Արցախում և շարունակում է տեղի ունենալ առ այսօր։ Այն լեգիտիմացնում է բոլոր գործողությունները և Ադրբեջանին հնարավորություն է տալիս, առանց կաշկանդվելու նույն գործընթացը և գործողություններն իրականացնել նաև ՀՀ-ի և հայերի նկատմամբ։ Որովհետև, չխոսել 150 հազար հայերի ցեղասպանությունից, կամ ցեղասպանությունից մազապուրծ լինելուց և իրենց իրավունքների պաշտպանությունից, այն նշանակում է թույլ տալ նույնը անելու մնացած հայերի նկատմամբ։
Panorama.am-Ինչը որ արդեն անում են։ Օրինակ՝ եկեկ կրկին հրապարակվեցին ՀՀ-ի տեղանունների ադրբեջանական անվանումները։
Մ. Հակոբյան-Այո, այն վաղուց կա և ես զարմանում եմ մեր հանրության վրա, որ չեն գիտակցում այդ վտանգը։ Օրինակ՝ ես երկու տարի շարունակ շատ հաճախ Կապան եմ գնում, Սյունիքում եմ լինում և յուրաքանչյուր անգամ նկարում եմ և ինձ համար արձանագրում Կապանի օդանավակայանի վերևի մասում դրված ադրբեջանական դրոշը։ Այդ լաթի կտորը ժամանակ առ ժամանակ մեծացնում են։ Դրանով հստակ իրենց անելիքների մասին են ակննարկում։ Մենք շատ լավ գիտենք, թե այդ խորհրդանիշներն իրենց համար ինչ են։ Բայց քիչ այն կողմ մենք տեսնում ենք ավելի փոքր և գնալով փոքրացող դրոշի չափը։
Ադրբեջանական կողմն իր հավակնությունները բացարձակ չի թաքցնում, այլ բան է, որ այն լռեցնում և ճնշում են ՀՀ իշխանությունները մեր ներքին լսարանում։
Panorama.am-Գնահատեք նաև փաստը, որ այս ամենի համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես չի խոսում 1988-ին և դրան հաջորդած տարիներին Ադրբեջանի հայաբնակ մյու բնակավայրերից բռնագաղթած ևս 250-300 հազար հայերի վերադարձի մասին։
Մ. Հակոբյան-Վերջերս այդ մասին շատ ենք խոսում, հատկապես այն բանից հետո, երբ սույն անձը որոշեց հավասարի նշան դնել Արցախ՝ արցախցիների վերադարձի իրավունքի և «արևմտյան Ադրբեջան» եզրույթի շրջանակներում, ըստ էության Հայաստանի տարածք իբրև թե վերադառնալու ադրբեջանցիների միջև, որի մասին նա խոսեց Գերմանիայում։ Սա ՀՀ-ի անվտանգային համակարգի լուրջ խաթարում է, որովհետև այդ պարագայում եթե իրոք ադրբեջանի կողմից կա հստակ որոշում, որ իրենց բնակիչներն ունեն ցանկություն ապրելու ՀՀ այն բնակավայրերում, որտեղ իբրև թե իրենք ժամանակին ապրել են, խոսքն առնվազն 300 հազար ադրբեջանցու մասին է, ապա դրան հակադարձելը շատ պարզ էր։ Եթե կային տարրական պատմական գիտելիքներ, ինչը համոզված եմ, որ կա, սակայն Փաշինյանի նպատակներն են այլ, հետևրաբար այդտեղ պետք է խոսվեր այն մասին որ նույն Խորհրդային Միության փլուզման ժամանակահատվածում Ադրբեջանն ագրեսիվ պահվածք էր դրսևորում Արցախի, Ադրբեջանի մյուս բնակավայրերում բնակվող հայերի և Հայաստանի հայերի նկատմամբ իսկ Հայաստանն այն ժամանակ շատ խաղաղ կերպով թույլ տվեց, որ իրենք վաճառեն, փոխանակում իրականացնեն իրենց տները, այնուհետև կարողանան անվտանգ հասնել իրենց հայրենիք։ Բայց մենք տեսանք, թե զուգահեռ ինչ արեց Ադրբեջանը՝ ըստ էության, ցեղասպանություն տեղի ունեցավ հայաբնակ տարածքներում, և այն հայերը, ովքեր կարողացան ողջ մնալ ոտաբոբիկ, մազապուրծ մի կերպ փրկվեցին և եկան Հայաստան։ Այսինքը, մենք գիտենք, թե ինչպես նույն ժամանակահատվածում խոշտանքգեցի, սպանեցին և կոտորեցին շատ-շատ հայերի։ Ադրբեջանական կողմի պահանջներին միակ հակադրումը կարող էր լինել, հայերին փոխհատուցման մասով մեր պահանջ չունենալը և դրանով փակել այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ պահանջները։ Կամ հստակ պահանջներ դնել փոխհատուցման, կամ եթե նման պահանջ չունեն, ապա հայերը պետք է տեղափոխվեն և բնակվեն Ադրբեջանի հայաբնակ վայրերում։
Բնականա է, որ ՀՀ Վարչապետի նպատակներն ազգային չեն, ցանկություններն էլ բնականաբար այդպիսին չեն և նրա ցանկացած գործողություն և խոսք սպասարկում է միմիայն Ադրբեջանական շահը։