Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հարևանս 200 $ պարտքով տվեց, ներդրում արեցի». Զեղծարարություններից տուժածները կարող են ավելանալ
70-ամյա Ռիտա Հովհաննիսյանը Քննչական կոմիտեի առջև նստած մի լավ նորության է սպասում։ Հույս ունի՝ կորցրած գումարները հետ է ստանալու։ Տարբեր ներդրումային կեղծ կայքերի միջոցով 192 հազար դոլար է կորցրել։
«Ներդրել էի 500 դոլար, ասում էին՝ շահել եմ 1300 դոլար։ Դրանից հետո սկսեց իմ խաղարկությունը։ Դրանից հետո պարբերաբար զանգում էին՝ էսքան գումար տուր, որ քո գումարը տանք։ Զանգողները տարբեր մարդիկ էին, տարբեր կազմակերպությւոններ, չգիտեմ որտեղից իմացել էին, որ գումար ունեմ ստանալու, բայց չեմ ստանում»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Ռիտան։
Ներդրում անելու համար նույնիսկ պարտքով է գումար վերցրել, նաև վարկեր է ձևակերպել մի քանի բանկերում։
«Սկզբում փող չունեի, հարևանիս էլ խոսեց հետը, հանեց 200 դոլար պարտքով ինձ տվեց, որ ներդնեմ։ Տարա ուղարկեցի՝ պարզվեց կորած է»,- նշեց միայնակ ապրող 70-ամյա կինը։
Ռիտա Հովհաննիսյանը մեկն է բազմաթիվ քաղաքացիներից, ովքեր տուժել են զեղծարարություններով զբաղվողների կողմից։ Նրանք այսօր հերթական անգամ հավաքվել են Քննչական կոմիտետեի դիմաց ու պահանջում են հստակ ժամկետներ նշել՝ երբ կկարողանան վերադարձնել իրենց գումարները։
Բողոքի ակցիայի մասնակից Անդրանիկ Գալոյանն էլ շուրջ 7500 դոլար է կորցրել՝ հավատալով Hellobit կոչվող կրիպտո ներդրումային հարթակ ներկայացող խմբին։
Իրավապաշտպան, «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը Քննչական կոմիտեում հանդիպում ունենալուց հետո հայտարարեց նստացույց սկսելու մասին։ Նրա խոսքով՝ խոստում են տվել գումարների վերադարձի, բայց ժամկետներ չեն նշում։
«Քաղաքացիները գալիս են, դիմում են մեզ, և մենք այսօր 220-ից ավելի հանցագործության մասին հաղորդում ունենք քննչական կոմիտեում և դատախազությունում։ Քաղաքացիները հիասթափվում են պետական մարմիններին դիմելուց, ստանում էին պատասխաններ, որ ու՞ր էր ձեր գլուխը, իսկ ինչու այդ գումարները տվեցիք, մեղադրականներ էին հնչում քաղաքացիների նկատմամբ և արդյունքում քաղաքացու վստահությունը պետության նկատմամբ կորում է»,- նշեց իրավապաշտպանը։
Կարագոզյանի խոսքով՝ թեև իրենց պայքարի արդյունքում նմանատիպ կայքերից մեկը՝ Helowbit-ը, թեր փակվել է, բայց նմանատիպ նոր կայքեր են բացվում ու վերահսկողություն չկա. առաջիկայում կարող են նոր տուժողներ լիւնել։
«Մեկը փակեց, մյուսը բացվեց թարմ ուժերով, նոր քաղաքացիներ են ներգրավվում, նոր քաղաքացիների վրա նոր հարձակումներ։ Հիմա էլ կոկոլ անունով կայք է բացվել։ Ինչու չեն փակել հիմա կոկոլը, քանի դեռ կոկոլի կողմից տուժածներ չկան ։ Մի տարի հետո, երբ որ արդեն բանը բանից անցնում է, այդ ժամանակ երբ որ մենք բարձրաձայնում ենք, դա արդեն ուշացած է»,- ասաց իրավապաշտպանը։
Նրանք այսօր մինչև աշխատանքային օրվա ավարտը նստացույց կանեն Քննչական կոմիտեի շենքի մոտ ու կսպասեն որևէ պատասխանի։