«Ժողովուրդ». Ինչու են ՊԵԿ-ում կոծկում Մեղրու անցակետի դեպքը
Օրվա մամուլ
08:49 20/12/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչու են ՊԵԿ-ում կոծկում Մեղրու անցակետի դեպքը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ 10.12.2025 թվականին, ՊԵԿ պետական սահմանի Մեղրու անցման կետում, ձևակերպում ստանալուց հետո, 11.000 կգ քաշով և շուրջ 335,000 եվրո արժողությամբ Մետեքսիմ տերմինալի ժամանակավոր պահման կետ է հասել 14 BA 205/ 62AA194 իրանական պետհամարանիշներով «Ֆոտոն» տեսակի տրանսպորտային միջոց։ Մեղրու անցման կետի պետ Հովհաննես Ամիրխանյանի և նրա տեղակալ Գևորգ Թևանյանի կազմակերպմամբ այդ բեռնատարը դատարկվել է, և շուրջ 70.000.000 ՀՀ դրամի ապրանքի կեսը՝ «dyson»-ներ և պլանշետներ, տեղավորել են «Ֆորդ» մանիշի տրանսպորտային միջոց, իրենց հետ նախապես վերցված կնիքներով կնքել այն, և բեռնված մեքենան տեղափոխել Մետեքսիմ տերմինալ։ Տերմինալի տեսուչը հասկացել է, որ բեռնատարի բեռների և վարորդի մոտ առկա փաստաթղթերի միջև առկա է անհամապատասխանություն. «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բեռնված է քիչ կիլոգրամներով, քան պետք է լիներ՝ ըստ փաստաթղթերի, և հայտնել է այդ մասին։

Սկզբում պատճառաբանել են, որ ապրանքի մյուս մասը՝ բեռնաթափված մասը, որը պետք է ապօրինի՝ առանց համապատասխան հարկերը վճարելու մտներ ՀՀ, մնացել է այլ պետության տարածքում, սակայն վախենալով, որ իրենց կատարածը կբացահայտվի, Հովհաննես Ամիրխանյանի և Գևորգ Թևանյանի կազմակերպմամբ նշված բեռնատարը տեղափոխվել է Մեղրու անցակետ, որտեղ, ըստ ստացված տեղեկությունների, դեպքի հետ առնչություն չունեցող անձը խոստովանել է, որ իրանական բեռնատարից ինքն է գողություն կատարել, և շուրջ 400 «dyson»-ները և պլանշետները ինքն է հափշտակել։

Նշված դեպքը փորձ են արել կոծկել ՊԵԿ-ի ղեկավարության կողմից, քանի որ Ամիրխանյանը հանդիսանում է ՊԵԿ նախագահի մորեղբոր որդու՝ Սարգիս Բաբայանի մտերիմ ընկերը, իսկ Ս. Բաբայանը ՊԵԿ նախագահի անվտանգության պետն է, և չի բացառվում, որ Ս. Բաբայանի կողմից բոլոր միջոցները կձեռնարկվեն Հ. Ամիրխանյանին հիշյալ դեպքից «մաքուր դուրս հանելու» ուղղությամբ։ Հարկ է նշել, որ այս ամենը կատարվել է մի անցակետում, որտեղ Սարգիս Բաբայանի եղբայրը աշխատում է որպես մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ. Մեղրու անցակետն է վերջինիս վերահսկողության օբյեկտը։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցի վերաբերյալ դիմեց ՊԵԿ. այժմ սպասում ենք նրանց պաշտոնական պատասխանին։ Մինչ այդ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ խնդրի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում կա՝ ուղղված գլխավոր դատախազին: Ի պատասխան՝ Դատախազությունից հորդորեցին դիմել գրավոր: Մենք, պատասխանը ստանալուն պես, կներկայացնենք՝ մանրամասնելով տեղեկությունները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder