Կոնսերվատորիայի ուսանողուհին մասնակցել է երաժշտագետների մրցույթին և արժանացել 2-րդ կարգի դափնեկրի կոչմանը
Կրթություն, գիտություն
21:03 20/12/2025
Հայաստան

Կոնսերվատորիայի ուսանողուհին մասնակցել է երաժշտագետների մրցույթին և արժանացել 2-րդ կարգի դափնեկրի կոչմանը

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության պատմության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Աննա Խաչատրյանի մասնագիտական դասարանի 2-րդ կուրսի ուսանող Էլոյան Մարիամը մասնակցել է Մոսկվայի Մ. Իպպոլիտով-Իվանովի անվան երաժշտամանկավարժական ինստիտուտում անցկացվող “Р. М. Глиэр: учителя и ученики” երիտասարդ երաժշտագետների մրցույթին և արժանացել 2-րդ կարգի դափնեկրի կոչմանը։

Կոնսերվատորիայից հայտնում են, որ երկու փուլից բաղկացած մրցույթին հայտ են ներկայացրել Ռուսաստանի Դաշնության երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատությունները ներկայացնող 43 մասնակից (Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիա, Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա, Մ. Իպպոլիտով-Իվանովի անվան պետական երաժշտամանկավարժական ինստիտուտ, Սանկտ-Պետերբուրգի արվեստի ինստիտուտ և այլն):

Երկրորդ փուլ են անցել 11 մասնակից, այդ թվում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ներկայացնող Մարիամ Էլոյանը։

Ուսանող երաժշտագետը ներկայացրել է «Հայկական թեմատիկան՝ Մ. Իպպոլիտով-Իվանովի արվեստում» թեմայով զեկուցումը։ Երկրորդ փուլին մասնակցությունը տեղի է ունեցել տեսակապի միջոցով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder