Կիրանցի առնվազն վեց բնակիչ մինչ օրս հրաժարվում է Ադրբեջանին հանձնված գույքի դիմաց փոխհատուցումներից
Հասարակություն
14:02 21/12/2025
Հայաստան

Կիրանցի առնվազն վեց բնակիչ մինչ օրս հրաժարվում է Ադրբեջանին հանձնված գույքի դիմաց փոխհատուցումներից

Տավուշի սահմանամերձ Կիրանց գյուղի առնվազն վեց բնակիչ մինչ օրս հրաժարվում է Ադրբեջանին հանձնված գույքի դիմաց փոխհատուցումներից։Այդ մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։

«Ավելի վաղ` սահմանազատման գործընթացի շրջանակներում, Կիրանց գյուղի տարածքի մի մասը՝ երկու տուն, կամուրջը, դեպի Վրաստան տանող ճանապարհի մի հատվածը և ավելի քան 50 հատ` տարբեր չափերի հողատարածք, անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։

Հայաստանի իշխանություններն այս գործընթացի շրջանակներում մարդկանց փոխհատուցում առաջարկեցին այն գույքի համար, որի վերաբերյալ նրանք ունեին սեփականության բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Սակայն, մեր տվյալներով, ոչ բոլոր բնակիչներն են համաձայնել վերցնել այն՝ չհամակերպվելով ՀՀ կառավարության գործողությունների հետ։

Մենք մի քանի հարցով դիմել էինք Տավուշի մարզպետարան, մասնավորապես՝

1. Քանի՞ տուն և հողատարածք է հանձնվել Ադրբեջանին Կիրանցի հատվածում։

2. Քանի՞ քաղաքացի էր ընդգրկվել փոխհատուցման ենթակա մարդկանց ցուցակում։

3. Նրանցից քանի՞սն են այն ստացել։

4. Որքա՞ն է փոխհատուցման նվազագույն և առավելագույն գումարը։

Մարզպետարանը հրաժարվել է պատասխանել մեր հարցմանը՝ պատճառաբանելով, թե տեղեկատվությունը «պետական գաղտնիք է պարունակում»։

Թե կոնկրետ ո՞ր հարցի պատասխանն է պարունակում «պետական գաղտնիք» մի գործընթացում, որի ամեն դետալը համաձայնեցվել է Ադրբեջանի հետ, մարզպետարանից չեն պարզաբանել։

Նշենք, որ մի շարք դեպքերում (այդ թվում՝ դրանից հրաժարվողների պարագայում) փոխհատուցումը հասնում է տասնյակ հազարավոր դոլարների։

Ավելի վաղ Հայաստանի Կադաստրի կոմիտեն թարմացրել էր Կիրանցի հատվածի քարտեզը՝ այն համապատասխանեցնելով նոր սահմանին»,- ասվում է լուրում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder