Վազգեն, շնորհավոր 38-ամյակդ
Իրավունք
17:34 21/12/2025
Հայաստան

Վազգեն, շնորհավոր 38-ամյակդ

Վերլուծաբան Լիկա Թումանյանը գրում է.

«Վազь, շնորհավոր 38-ամյակդ։

 Տեսնում եմ՝ որոշել ես ծննդյանդ օրը նշել հնարավորինս բացառիկ միջավայրում… դե հա, ոչ բոլորն են կարող դա իրենց թույլ տալ։ Չէ որ, սա Էքսկլյուզիվ ակցիա է իշխանության կողմից՝  կերակրում են ըստ գրաֆիկի, նստելավարձ էլ չկա։ Ինչ ասեմ՝ կարիերայի ուժեղ առաջխաղացում է։

 Քո հումորի զգացումն ու միտքը այնքան սուր էին, որ իշխանությունները որոշել են քեզ հեռացնել շուկայից՝ տես է, ինչ անարդար մրցակցություն է։ Քո ու Նարեկի պոդկաստի պատճառով իրենց մոտ չի ստացվում պոպուլյար դարձնել սեփական կեղծ մարգարեներին։

Նրանք ամեն օր կատակերգություն ու թատերական շոուներ են ստեղծում, բայց բեմադրիչների վրա չի կարելի ծիծաղել։ Երկակի չափանիշներ, ինչպես միշտ։ Նրանք մենաշնորհ ունեն աբսուրդի վրա, իսկ դու ու Նարեկը խախտում եք իրենց խաղի կանոնները։ Սեփական էժան բեմադրությունների ու ցածրորակ պոդկաստների լսարան ոչ մի ձև չեն կարողանում ավելացնել, դրա համար էլ ծայրահեղ միջոցի են գնացել՝ դե որ մենք չենք կարողանում, ձեզ էլ թույլ չենք տա։

Շնորհավորում եմ. դուք այնքան վտանգավոր եք ռեժիմի համար, որ ձեզ մեկուսացնելու համար պետական գումար են ծախսում, մի ամբողջ համակարգ բանացնում։ Սա ձեր ուժի լավագույն ճանաչումն ու խոստովանությունն է։

Ապրես, որ նույնիսկ այս պայմաններում մնում ես նույն սարկաստիկ հումորով, ուժեղ և անկեղծ Վազգենը։ Մենք բոլորս հիշում ու սիրում ենք քեզ, ու իհարկե՝ սպասում ենք քեզ։ Շնորհավոր ծնունդդ, ընկեր»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները վաղ առավոտյան մուտք են գործել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի բնակարաններ, կատարել քննչական գործողություններ՝ թույլ չտալով դրանց ընթացքում փաստաբանների մուտքը։ Ապա ձեռքերը ոլորած նրանց տարել են, ձերբակալել, կալանավորել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց նկատմամբ հետապնդում սկասկել է ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Նույն օրը քննչական գործողություններ են իրականացվել antifake.am կայքի գրասենյակում, ինչի արդյունքում առգրավվել է ողջ տեսանկարահանող տեխնիկան։ Այնուհետև ձերբակալվել է կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը, որը մոտ 60 ժամ անազատության մեջ գտնվելուց հետո ազատ է արձակվել: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ին, ձերբակալվել է նաև կայքի մեկ այլ աշխատակից՝ Իշխան Խոսրովյանը, որը մի քանի ժամ անց ազատ է արձակվել: Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից և տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Իրավապաշտպաններ, քաղաքական ու հասարակական շատ գործիչներ համարում են, որ սա ազատ խոսքի դեմ իրականացրած գործողություններ են, որոնց նպատակն է լռեցնելու Սամսոնյանին, Սաղաթելյանին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վազգեն, շնորհավոր 38-ամյակդ