Հայաստանի տեխնոլոգիական համայնքը միավորվեց DevFest Armenia 2025-ում. Ամերիաբանկը` միջոցառման Ֆինթեք գործընկեր
Տնտեսություն
16:08 22/12/2025
Հայաստան

Հայաստանի տեխնոլոգիական համայնքը միավորվեց DevFest Armenia 2025-ում. Ամերիաբանկը` միջոցառման Ֆինթեք գործընկեր

Դեկտեմբերի 20-ին DevFest Armenia 2025-ը միավորեց ավելի քան 200 մասնակիցների Հայաստանից և արտերկրից։ Ծրագրային ապահովման մասնագետներ, հետազոտողներ, պրոդուկտ մենեջերներ, ՏՏ մասնագետներ և ուսանողներ հավաքվել էին մեկ հարկի տակ՝ լսելու ոլորտի առաջատարներին, ծանոթանալու, շփվելու, փորձի փոխանակման և նոր գաղափարներ գեներացնելու։ 

Այս տարվա փառատոնի կենտրոնական թեման արհեստական բանականությունն էր, նպատակն էր մասնակիցներին ցույց տալ, թե ինչպես կարելի է կիրառել AI տեխնոլոգիաներն առօրյա աշխատանքի և նախագծերի մեջ՝ ռուտինային գործընթացներն ավտոմատացնելու և ավելի արդյունավետ աշխատանք ապահովելու համար։

Ամենամյա միջոցառումը կազմակերպվում է GDG Yerevan համայնքի կողմից՝ Google-ի աջակցությամբ։ Այն ձևավորվել է որպես միջազգային Google Developer Group-ի շարունակություն՝ Հայաստանում տեխնոլոգիական համայնքը միավորելու և կիրառական գիտելիք փոխանցելու նպատակով։

«Նպատակը ոչ թե աբստրակտ գիտելիք տալն է, այլ հնարավորություն ստեղծել մասնագետների անմիջական շփման համար և հասկանալու, թե ինչպես կիրառել տեխնոլոգիաները գործնականում»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց DevFest Armenia-ի կազմակերպիչ Դավիթ Հայրապետյանը։

Կարևորելով տեխնոլոգիական ոլորտում փորձի ու գիտելիքի փոխանակումը, նոր կապերի հաստատումն ու նոր գաղափարների գեներացումը՝ Ամերիաբանկը միացել է կոնֆերանսին որպես ֆինթեք գործընկեր։ 

Արդյո՞ք արհեստական բանականությունը կփոխարինի ծրագրավորողների աշխատանքին. Ամերիաբանկի ավագ Java Back-end ծրագրավորող Դավիթ Եղիազարյանը հարցին ի պատասխան նշեց, որ պետք չէ ԱԲ-ն դիտարկել որպես սուպերգործիք, որը փոխելու է աշխարհը։ 

«Այն օգնում է ավտոմատացնել կրկնվող աշխատանքը, որը շատ հաճախ ծրագրավորողները ստիպված են լինում կատարել ձեռքով։ ԱԲ-ի շնորհիվ ծրագրավորողները հիմա կարողանում են կենտրոնանալ ավելի կարևոր, ավելի էֆեկտիվ աշխատանքի վրա»,- մեզ հետ զրույցում նշեց նա։ 

DevFest Armenia 2025-ում  Եղիազարյանի ելույթի թեման միկրոսերվիսների կիրառման առավելությունները և սահմանափակումներն էին։ Նա առաջարկեց գործնական խորհուրդներ այն ծրագրավորողներին, ովքեր աշխատում են քաոտիկ միջավայրում.

«Վերջին շուրջ 15 տարիներին միկրոսերվիսային ճարտարապետությունը դարձել է թրենդ, սակայն այն ունի թե՛ առավելություններ, թե՛ մարտահրավերներ։ Շատ ընկերություններ փորձում են մոնոլիտ համակարգերը վերածել միկրոսերվիսների, ինչը որոշ դեպքերում արդարացված է, որոշներում՝ ոչ։ Նույնիսկ արդարացված անցումների ժամանակ հաճախ թույլ են տրվում սխալներ, որոնց հետևանքները զգացվում են տարիներ անց։ Այս զրույցի նպատակն է գործնական խորհուրդներ տալ այն ծրագրավորողներին, ովքեր աշխատում են քաոտիկ միջավայրում՝ օգնելով գտնել այն նվազագույն կարգուկանոնը, որը հնարավորություն կտա ավելի կայուն աշխատել ու հանգիստ քնել»,- մեզ հետ զրույցում նշեց Եղիազարյանը։ 

DevFest Armenia 2025-ի ծրագիրը ներառում էր ընդլայնված թեմաներ՝ մեքենայական ուսուցում, ամպային տեխնոլոգիաներ, մոբայլ և վեբ ծրագրավորում, DevOps, կիբերանվտանգություն, UI/UX դիզայն, ճարտարապետություն և այլ ոլորտներ։ 30-ից ավելի խոսնակներ ներկայացրեցին նորարարական մոտեցումներ, ինչպիսիք են AI Agents-ը, Enterprise Cloud-ը, Flutter-ը ծրագրավորման մեջ, ծրագրային ճարտարապետությունը, Developer Experience-ը և LLM անվտանգության հարցերը։

Ամերիաբանկի ծրագրային ապահովման մշակման կենսացիկլի կարողությունների (SDLC) գծով ՏՏ կառավարման համակարգի մենեջեր Վարդգես Բեգոյանն իր ելույթում ընդգծեց ինժեներական կարգապահության ու ճիշտ ժամանակին ներդրում կատարելու կարևորությունը։ 

«Իմ ելույթի թեման վերաբերում է ինժեներական դիսցիպլինային և այն քայլերին, որոնք ընկերությունները շատ հաճախ բաց են թողնում զարգացման վաղ փուլերում՝ մտածելով, որ հետո կվերադառնան դրանց։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ այդ բացերը հետագայում շատ դժվար ու թանկ է վերականգնել։ Ելնելով իմ, ինչպես նաև գործընկերներիս փորձից՝ ներկայացնում եմ պրակտիկ խորհուրդներ այն կարևոր քայլերի մասին, որոնք անհրաժեշտ են հենց սկզբից, քանի որ նույնիսկ փոքր լրացուցիչ ներդրումն այսօր ապագայում հաստատ խնայելու է մեծ ռեսուրսներ»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Բեգոյանը։ 

Մեր զրուցակիցը կարևորեց նմանատիպ միջոցառումների, հանդիպումների անցկացումը մասնագիտական համայնքի ձևավորման և կապերի ընդլայնման տեսանկյունից՝ հատկապես այն պատճառով, որ ստեղծում են փորձի փոխանակման և նոր համագործակցությունների հնարավորություններ։

DevFest Armenia 2025-ի մասնակից, մարքեթինգային գործակալությունում ծրագրավորող Արամ Քամալյանը նույնպես ընդգծեց միջոցառման կիրառական կողմը և փորձի փոխանակման կարևորությունը. «Այս ամենը շատ ողջունելի է։ Անցած տարի չէի կարող մասնակցել, իսկ այս անգամ եկել եմ հասկանալու՝ ինչ նորարարություն է առաջարկվում։ Տեսնում ենք բավականին բարձր մակարդակի մասնագետներ ու իրական փորձի փոխանցում։ Երբ արհեստական բանականությունն այսքան արագ է զարգանում, նման հարթակները օգնում են հետ չմնալ՝ լսելով տարբեր ոլորտների մասնագետների, փորձելով նրանց ներկայացրած գործիքներն ու լուծումները գործնականում»:




Աղբյուրը`Panorama.am
Placeholder