Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախորդ կիրակի՝ դեկտեմբերի 21-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել կիրակնօրյա պատարագի։ Վարչապետի խոսնակը հայտնել էր, որ Փաշինյանն այդ օրը գտնվում էր Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելով ԵԱՏՄ նիստին։
Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, բաց չէր թողնում որևէ կիրակի՝ մասնակցելով իր «նախընտրած» քահանաների կողմից իր քմահաճույքով մատուցվող պատարագներին։ Փաշինյանի հետ պատարագներին ներկայանում էին նաև ՔՊ-ական նախարարները։
Panorama.am-ը Նիկոլ Փաշինյանի հետ հիշյալ պատարագներին մասնակցած նախարարների մամուլի խոսնակներից հետաքրքրվեց՝ արդյոք նրանք անցած կիրակի ևս մասնակցե՞լ են պատարագի։ Պատասխաններից պարզ դարձավ, որ գործադիրի անդամներն այս կիրակի չեն մասնակցել պատարագների։
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Պապոյանի խոսնակ Լիլիթ Շաբոյանը հայտնեց, որ նախարարը աշխատանքային այցով գտնվում է Եգիպտոսում և չի մասնակցել պատարագի։
Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը ևս չի մասնակցել պատարագի․ այս մասին հայտնց նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ ընդգծելով, որ Ավանեսյանը դրան նախորդող կիրակի օրը նույնպես չի մասնակցել պատարագի։
ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանի խոսնակը հրաժարվեց հստակ պատասխան տալ՝ մասնակցել է նախարարը պատարագի, թե ոչ։
«Կիրակին օրենքով սահմանված ոչ աշխատանքային, հանգստյան օր է։ Այդ օրը նախարարն անցկացնում է իր հայեցողությամբ, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի և թե ինչպես է անցկացրել այն, հանրայնացնելու անհրաժեշտություն չենք տեսնում»,- նշել է Նելլի Վահանյանը։
Panorama.am-ը հարցն ուղղել է նաև արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մամուլի խոսնակներին։ Պատասխանները ստանալուն պես դրանք ևս կհրապարակենք։