Չինաստանից նոր մեքենա գնելը թանկացել է. որո՞նք են պատճառները
Տնտեսություն
17:25 22/12/2025
Հայաստան

Չինաստանից նոր մեքենա գնելը թանկացել է. որո՞նք են պատճառները

Չինաստանից Հայաստան ներկրվող նոր մեքենաների գները կտրուկ բարձրացել են։ Պատճառը Չինաստանում ընդունված օրենքն է, որի համաձայն՝ մեքենաները կարող են արտահանվել միայն երկրում 180 օր գտնվելուց հետո։ 

Մեքենաների ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Արտ մոբիլ» ընկերության հիմնադիր տնօրեն Արտեմ Բարեյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին ամսվա ընթացքում Չինաստանից ներկրվող մեքենաների գներն աճել են ավելի քան 10 %-ով։ 

«Հայկական շուկայում Չինաստանից նոր մեքենա ձեռք բերելու մտադրություն ունեցողները մինչև դեկտեմբերի 15-ը շտապել են գնում կատարել՝ վախենալով, որ արդեն 2026 թվականին չեն կարողանալու ձեռք բերել կամ գինը ավելի թանկանալու է։  Եթե 180 օր մեքենան մնալու է Չինաստանում, բնականաբար սպասարկումներ է ստանալու, կանգնելու է, տարածք է զբաղեցնելու, այդ ամբողջը ծախսեր են լինելու, որը ձեռք բերվող մեքենաների ինքնարժեքի վրա կազդի։ Ու քանի որ մարդիկ դրանից խուսափելու համար շտապել են գնել, պահանջարկի  ֆոնին գները բարձրացել են։ Թանկացում եղել է թե՛ հենց մեքենայի գնի, թե՛ բեռնափոխադրման, որովհետև Ղազախստանի տարածքում անցակետերում բավականին մեծ հերթեր են, ու դժվար է մեքենաներն անցկացնելը»,- նշեց Բարեյանը։

Panorama.am-ի զրուցակցի խոսքով՝ վերջին ամսում միջինիցված հաշվարկով՝ մոտ 5000 դոլարով թանկացում է եղել։

«Եթե նախկինում օրինակ բեռնափոխադրումը արժեր մոտավորապես  1800-ից մինչև 2300 դոլար, այժմ արդեն 3000, 3500 դոլար է։ Բացի այդ՝ չինացիները բարձրացրել են նաև մեքենաների արժեքները՝ տեսնելով, որ պահանջարկը կա ներկա պահին։ Նախկինում, օրինակ, X մեքենան ձեռք էր բերվում 20000 դոլարով, հիմա իրենք դա 21500 դոլարով են վաճառում»,- մանրամասնեց Բարեյանը։ 

Ըստ ընկերության տնօրենի, էլեկտրամոբիլների պահանջարկը Հայաստանում բարձր է եղել 2025 թվականի ընթացքում և շարունակում է բարձր մնալ՝ շնորհիվ 2026 թվականին տրամադրված քվոտայի, որով մինչև 15000 էլեկտրամոբիլներ կարող են ներկրվել Հայաստան առանց մաքսազերծման։ 

«Արտոնությունը տրվում է 2024 թվականից հետո արտադրված մեքենաների համար։ Միջին շուկայում 2024 թվականից բարձր մեքենաների արժեքը 15000 դոլարից ավելի է, իսկ հայաստանյան շուկայի համար, դա մի քիչ բարձր ցուցանիշ է, որովհետև վճարունակ մարդիկ ավելի շատ 7-ից մինչև 13000 դոլարանոց մեքենաներ են կարողանում գնել»,- նշեց Բարեյանը։ 

Անդրադառնալով առաջիկա ամիսներին սպասվող հնարավոր զարգացումներին՝ ընկերության տնօրենը կարծիք հայտնեց, որ մոտավորապես փետրվարին էլեկտրամոբիլները Հայաստանում կէժանանան։

«Ամենաուշը փետրվարին մեզ մոտ էլեկտրամոբիլների ներքին շուկայում գնանկում տեղի կունենա, քանի որ 15000 մեքենա ավելի նոր արտադրության, արտոնություններով կժամանեն Հայաստան։ Դրանք կբերեն առկա մեքենաների գնիջեցման»,- նշեց Բարեյանը։ 

Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին շուկայում ավտոմեքենաների առուվաճառքին, ընկերության տնօրենի խոսքով՝ վերջին տարիներին ստեղծված լճացումը շարունակվում է ու մեքենաները վաճառվում են ինքնարժեքից շուրջ 20-30 % ավելի էժան գնով։ 

«Քովիդից հետո Հայաստանը, կարելի է ասել, որպես տարանցիկ երկիր էր ծառայում, մեքենաները ներկրվում էին ու արտահանվում Ռուսաստան։ 2023 թվականի օգոստոսին Ռուսաստանում բարձրացվեց ուտիլիզացիայի վճարը, ինչը դժվարություններ ստեղծեց այն անձանց և կազմակերպությունների համար, որոնք մեքենաներ էին ներկրել՝ Ռուսաստան արտահանելու նպատակով։ Բոլոր մեքենաները լճացան Հայաստանում ու մինչև օրս կանգնած են, կարելի է ասել։ Հիմա ինքնարժեքից ցածր մեքենաների վաճառք կա Հայաստանում, այսինքն, որ իրենց վրա ինչ-որ մի գին է նստել, բերել է, բայց ավելի էժան են վաճառում այս պահին»,- նշեց Բարեյանը։ 

Նշենք, որ 2025 թվականի համար սահմանված 8000 էլեկտրոմոբիլի քվոտան բաժանված է եղել հետևյալ համամասնությամբ՝ 5000-ը ֆիզիկական անձանց, 3000-ը՝ իրավաբանական անձանց, դիլլերներին: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ ֆիզիկական անձանց հատկացված քվոտան արդեն սպառված է, դիլերներինը՝ ոչ:

«Քանի որ ունենք մտավախություն, որ դիլերները չեն կարողանա այդ քանակը ներմուծել, որպեսզի չկորցնենք մեր քվոտան հետևյա որոշումն ենք կայացրել. վերահաշվարկ կիրականացնենք և այն քանակով, որքան որ մնացել է նրանց քվոտայից, կավելացնենք ֆիզանձանց համար»,- ասել է նախարարը:

Մեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերության տնօրենից հետաքրքրվեցինք՝ որն է պատճասռը, որ այսպիսի պատկեր է ստացվել Հանրապեռտությունում։ Արդյոք դիլերները ավելի քիչ էլեկտրամոբիլներ են գնում, քան ֆիզիկական անձինք։ 

«Կարծում եմ՝ պատճառը մի փոքր այլ է։ Շատ եմ լսել շուկայում, որ ֆիզիկական անձի անունով է ձևակերպվում մեքենան, բայց իրականում դիլերն է ձեռքբերողը։ Հավանաբար՝ որոշ դեպքում դա է ազդել»,- նշեց Բարեյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չինաստանից նոր մեքենա գնելը թանկացել է. որո՞նք են պատճառները