Սնանկ ճանաչվելը կբարդանա․ Իրավաբանն ահազանգում է քաղաքացիների համար հնարավոր ռիսկերի մասին
Իրավունք
16:06 23/12/2025
Հայաստան

Սնանկ ճանաչվելը կբարդանա․ Իրավաբանն ահազանգում է քաղաքացիների համար հնարավոր ռիսկերի մասին

«Սնանկության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն էականորեն խստացնում են սնանկ ճանաչվելու պայմանները՝ բարձրացնելով պարտքի շեմը և սահմանելով նոր չափանիշներ։ 

Առաջարկվող փոփոխությունների հիմնավորման մեջ նշվում է, որ դրանց անհրաժեշտությունը պայմանավորված է նաև սնանկության ինստիտուտի չարաշահումների հետ։ Մասնավորապես, նշվում է.

«Պարտապանները գործնականում սնանկության ինստիտուտը հաճախ օգտագործում են ոչ թե ըստ հիմնական նպատակի, այլ շահադիտական մղումներով ծառայեցնում են որպես պարտավորություններից ազատվելու միջոց՝ հաշվի առնելով իրավական բացերը և ոչ հստակ կարգավորումները։ Քիչ չեն նաև դեպքերը, երբ պարտապանի անվճարունակության հիմքերը ծագում կամ ուղեկցվում են բնականոն տնտեսավարման հետ չկապված և ոչ իրավաչափ բնույթ կրող գործողություններով՝ այլ կերպ ասած կանխամտածված եղանակով»։

Օրինագծի հեղինակները նաև նշում են, որ այդ չարաշահումների կանխարգելման և դրանց դեմ պայքարի համատեքստում կարևոր է սնանկության կանխարգելիչ արդյունավետ կառուցակարգերի առկայությունը, որոնք ձեռնարկվում են մինչև սնանկության վարույթի հարուցումը և կոչված են կանխելու պարտապանի անվճարունակության հատկանիշների ի հայտ գալը կամ վերացնելու դրանք։ Մինչդեռ գործող Օրենքով նախատեսված մեխանիզմները, այդ թվում՝ սնանկության վտանգի վարույթը, կանխամտածված կամ կեղծ սնանկության բացասական հետևանքները գործնականում կիրառելի չեն»։

Փաստաբան Վահե Գաբրիելյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ փոփոխությունները հիմնականում ուղղված են անբարեխիղճ տնտեսվարողների դեմ, սակայն դրանց հետևանքով լուրջ խնդիրներ կարող են առաջանալ քաղաքացիների համար։

««Սնանկության մասին» օրենքի փոփոխություններով նախ և առաջ առաջրկվում է բարձրացնել  սնանկ ճանաչվելու պարտքի շեմը։ Եթե գործող օրենսդրական կարգավորմամբ 2 միլիոն դրամ պարտավորությունը և 90 օր կետանցով պարտավորությունը բավարար է, որպեսզի անձը դիմի կամավոր սնանկության, ապա նոր նախագծով այդ շեմը բարձրացվել է 5 միլիոն դրամի»,- հայտնեց փաստաբանը։

Նրա խոսքով՝ պարտքի շեմի բարձրացմամբ փոփոխությունները չեն սահմանափակվում։ Օրենսգրքով նախատեսվում են նաև սնանկ ճանաչվելու գործընթացի էական խստացումներ։

«Նոր օրենսգրքով նախատեսվում է, որ դատարանը ստուգելու է պարտապանի ֆինանսական վիճակը, գործարքները, գույքի օտարումները, և եթե դատարանը գտնի, որ սնանկության դիմած անձը դրսևորել է այնպիսի վարքագիծ, որը միտումնավոր առաջացրել է սնանկության հատկանիշներ, ապա դատարանը կարող է որոշում կայացնել և չազատել անձին պարտավորություններից»,– ասաց Վահե Գաբրիելյանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ նախատեսվում է նաև պարտքի հիմքերի պարտադիր ստուգում դատարանի կողմից։

«Դատարանը ստուգելու է պարտքի հիմքերը, այն գործարքները, որոնց հիմքով ծագել է պարտավորությունը։ Միայն այդ գործարքները և պարտքի չափը դատական կարգով հաստատելու դեպքում անձը կարող է ճանաչվել սնանկ։ Մինչդեռ գործող կարգով, եթե անձն ունի 2 միլիոն դրամ պարտավորություն, և այդ պարտավորությունը գերազանցում է նրա ակտիվների արժեքը, դատարանը կարող է ճանաչել նրան սնանկ՝ առանց պարտքի հիմքերի հիմնավորվածությունը ստուգելու»,-ընդգծեց նա։

Բացի այդ, նոր կարգավորումներով պարտապանը դատարանում պետք է ապացուցի պարտավորությունները փաստացի կատարելու անկարողությունը։

«Այլևս բավարար չէ միայն ունենալ օրենքով սահմանված պարտքի շեմ և այն գերազանցի քո ունեցած ակտիվների արժեքը։ Անհրաժեշտ է նաև ապացուցել, որ փաստացի որևէ հնարավորություն չունես այդ պարտավորությունները կատարելու։ Սա զգալիորեն ավելի խիստ պայման է գործող օրենսդրության համեմատ և էապես բարդացնում է սնանկ ճանաչվելու գործընթացը»,– նշում է փաստաբանը։

Վահե Գաբրիելյանի գնահատմամբ՝ խստացումները որոշ չափով կարող են արդարացված լինել իրավաբանական անձանց դեպքում, սակայն ոչ ֆիզիկական անձանց։

«Իրավաբանական անձինք իրենց առևտրային գործունեությունը կազմակերպելիս և գործարքներ կնքելիս պարտավոր են ճիշտ գնահատել ռիսկերը, որպեսզի այդ ամենը չհանգեցնի սնանկացման։ Իսկ հասարակ քաղաքացիների դեպքում խստացումները, իմ կարծիքով, արդարացված չեն»,– ասաց նա։

Փաստաբանը նշեց՝ քաղաքացիները հիմնականում կամավոր սնանկության են դիմում կյանքի բարդ իրավիճակների հետևանքով։

«Բարձր տոկոսներով վարկերը, սպասարկման վճարները, կյանքի տարբեր իրավիճակները հանգեցնում են նրան, որ քաղաքացիների աշխատավարձերի վրա դրվում են արգելանքներ, նրանք չեն կարողանում հոգալ անգամ նվազագույն ծախսերը։ Տարիների ընթացքում պարտքը միայն ավելանում է՝ տոկոսներով և տույժերով, և կամավոր սնանկությունը դառնում է մարդկանց ֆինանսական վիճակը կարգավորելու միակ միջոցը»,– ընդգծեց նա։

Փոփոխությունների հիմնական նպատակը, ըստ փաստաբանի, արհեստական սնանկությունների կանխումն է։

«Շատ դեպքերում տնտեսվարողները արհեստական կերպով ստեղծում են սնանկության հատկանիշներ՝ իրենց գործընկերների հանդեպ պարտավորությունները չկատարելու համար։ Փոփոխությունները պետք է ուղղված լինեն հենց այդ երևույթի դեմ»,– ասաց Գաբրիելյանը։

Սակայն նրա համոզմամբ՝ նոր խստացումները սոցիալական լուրջ հետևանքներ կարող են ունենալ։

«Պարտավորությունների փաստացի կատարման անհնարինության ապացուցումը բարդ գործընթաց է լինելու, և ոչ բոլորը կկարողանան դա անել առանց պրոֆեսիոնալ փաստաբանի օգնության։ Կանխատեսում եմ, որ կամավոր սնանկության բազմաթիվ դիմումներ կմերժվեն»,– մանրամասնեց փաստաբանը։

Նրա խոսքով՝ դա նաև լրացուցիչ ֆինանսական բեռ է ստեղծելու քաղաքացիների համար։

«Փաստաբանի ծառայությունները թանկ են, և շատ քաղաքացիներ պարզապես հնարավորություն չեն ունենալու որակյալ իրավաբանական օգնություն ստանալ։ Արդյունքում պարտավորությունները տարիներով կմնան նրանց վրա, և մարդիկ չեն կարողանա նորմալ կազմակերպել իրենց կյանքն ու կենցաղը»,-եզրափակեց Վահե Գաբրիելյանը։

Նշենք, որ օրենսդրական փոփոխությունները ներկայացրել է Արդարադատության նախարարությունը։ Այն դեռևս պետք է ներկայացվեն Ազգային ժողովին։ Նախատեսվում է, որ ընդունումից հետո այն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հուլիսին։  

Արդարադատության նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը կարող է փոխվել։ 

«ԱԺ-ի քննարկումներից կախված ժամկետը կփոխվի: Նվազգագույնը 6 ամիս ժամանակ կտրվի օրենքն ուժի մեջ մտնելու համար: ԱԺ պետաիրավական հանձնաժողովում նախագիծը դեռ չի քննարկվել»,- հայտնեցին նախարարությունից:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder