Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԽԾԲ կապե՞ր, թե՞ արդար ընտրություն. Ինչո՞ւ քաղաքապետարանը կանգ առավ հենց թիվ 86 մանկապարտեզի վրա
Երևանում վաղ տարիքի երեխաների համար նախատեսված պիլոտային մանկապարտեզների ընտրությունը հարցեր է առաջացնում։ Խոսքը մասնավորապես ընտրված երկու մանկապարտեզներից մեկի մասին է, որի տնօրենի ամուսինը Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է։
Վաղ տարիքի երեխաների խմբի ներդրումն արդեն իրականացվել է Երևանի երկու մանկապարտեզներում՝ թիվ 86 և թիվ 44։ Թիվ 86 մանկապարտեզի տնօրենի ամուսինը՝ Սաշա Կատվալյանը նախկինում զբաղեցրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնը, եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը, իսկ ներկայում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենն է։ Նա ակտիվորեն մասնակցել է քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին՝ աջակցելով Ավինյանին։
Ինչպե՞ս է քաղաքապետարանի ընտրությունը կանգ առել հենց այս մանկապարտեզի վրա։ Panorama.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը նշեց, որ մանկապարտեզների ընտրությունն իրականացվել է մի շարք չափանիշների համադրմամբ։
Նրա խոսքով՝ հաշվի են առնվել շենքային պայմանները և վերջին վերանորոգումները, մուտքերի և ելքերի առանձին հասանելիությունը, անվտանգ բակային տարածքների առկայությունը, ենթակառուցվածքները, աշխարհագրական դիրքը և վարչական շրջանների բաշխվածությունը։
«Ընտրության ընթացքում հաշվի են առնվել նաև հերթագրումների ցուցանիշները։ Թե ինչքան է եղել հերթագրման կոնկրետ թիվը պլանավորման պահին՝ այս պահին չեմ կարող ասել, սակայն այնպիսին է եղել, որ և այն ժամանակ, և այժմ ունենք կանխատեսելիություն, որ հաջորդ տարի խնդիր չենք ունենալու։ Այս պահին թիվ 86 մանկապարտեզում հերթագրված են միայն 2023 թվականին ծնված երեխաները»,- նշեց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ վաղ տարիքի երեխաների հերթագրում չի իրականացվել ոչ այս, ոչ մյուս մանկապարտեզներում, քանի որ սա պիլոտային ծրագիր է։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք մանկապարտեզի տնօրենի ամուսնու զբաղեցրած պաշտոնը որևէ ազդեցություն է ունեցել ընտրության վրա, կրթության վարչության պետը կտրականապես հերքեց կապը։
Այս պարագայում ուշագրավ է թե Երևանի քաղաքապետի, թե ԿԳՄՍ նախարարության ցուցաբերած զգուշավորությունը։ Թիվ 86 մանկապարտեզում պիլոտային ծրագրի ներդրման մասին Տիգրան Ավինյանի, ԿԳՄՍ նախարարության էջերում հրապարակմանը կցված լուսանկարներում Սաշա Կատվալյանը չի երևում, այսինքն ընտրել ու հրապարակել են այնպիսի լուսանկարներ, որ նրա կապը չերևա, հարցեր էլ չառաջանան։ Մինչդեռ Թիվ 86 մանլարատեզի էջում հրապարակված գրեթե բոլոր լուսանկարներում քաղաքապետարանի պաշտոնյան երևում է։

Ի դեպ, մանկապարտեզը կրում է Սաշա Կատվալյանի հոր՝ Արցախյան ազատամարտում զոհված Լյովա Կատվալյանի անունը։
Չնայած պաշտոնական պարզաբանմանը, մի քանի հանգամանք շարունակում է հարցեր առաջացնել. չկան հերթագրումների վերաբերյալ հրապարակված թվեր, ընտրության չափանիշներ։