Ավելացել են կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստման ու իրացման դեպքերը. ինչ են փաստում թվերը
Տնտեսություն
17:01 23/12/2025
Հայաստան

Ավելացել են կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստման ու իրացման դեպքերը. ինչ են փաստում թվերը

Այս տարվա հունվար–հոկտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը հասել է 34 265-ի, ինչը շուրջ 3 հազարով ավելի է, քան նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածներում։ Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Թեև ընդհանուր աճն ինքնին մտահոգիչ է, առավել ուշագրավ է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների կտրուկ ավելացումը։ Եթե 2023 թվականին տնտեսական հանցագործությունների թիվը կազմել էր 734, 2024-ին՝ 811, ապա 2025-ին այն հասել է արդեն 1 075-ի։ Այս դինամիկան վկայում է ոչ թե պարզապես շեղման, այլ կայուն աճի միտման մասին։

Տվյալները ցույց են տալիս, որ տնտեսական հանցագործությունների  աճ կա տարբեր հանցատեսակների դեպքում։

Կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստման ու իրացման դեպքերը 2025-ին հասել են 278-ի, մինչդեռ երկու տարի առաջ դրանք կազմում էին 240։ Նույն տրամաբանությամբ աճել են նաև փողերի լվացման դեպքերը՝ 2023-ի 49-ից մինչև 2025-ի 89։ Փաստացի, երկու տարվա ընթացքում այս կատեգորիայում գրանցվել է գրեթե երկակի աճ։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև «այլ տնտեսական հանցագործությունների» խմբում արձանագրված աճը՝ 445 դեպքից (2023 թ.) մինչև 708 դեպք (2025 թ.)։ Այս կատեգորիան ներառում է տարբեր բնույթի խախտումներ, որոնք հաճախ մնում են հանրային քննարկումներից դուրս, սակայն հենց դրանք են ձևավորում տնտեսական իրավախախտումների հիմնական զանգվածը։

Մասնագետների գնահատմամբ՝ նման աճը կարող է պայմանավորված լինել միաժամանակ մի քանի գործոններով։ Մի կողմից՝ հնարավոր է իրավապահ մարմինների կողմից հայտնաբերման և վերահսկողության ակտիվացում, մյուս կողմից՝ տնտեսության մեջ առկա ստվերային գործընթացների, ֆինանսական ռիսկերի և իրավական բացերի խորացում։ Վերջինս հատկապես ակտուալ է այն պայմաններում, երբ օրենսդրական կարգավորումները միշտ չէ, որ քայլում են տնտեսական գործընթացների արագ փոփոխությունների հետ։

Տնտեսական հանցավորության նման դինամիկան կարող է ունենալ ոչ միայն քրեաիրավական, այլև լայն սոցիալ-տնտեսական հետևանքներ՝ սկսած բիզնես միջավայրի նկատմամբ վստահության նվազումից մինչև ֆինանսական կայունության խաթարում։ Այդ ֆոնին հարց է առաջանում՝ արդյո՞ք գործող կանխարգելիչ մեխանիզմները բավարար են, և ինչքանով է համակարգը պատրաստ արձագանքել տնտեսական հանցագործությունների աճող բարդությանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ավելացել են կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստման ու իրացման դեպքերը. ինչ են փաստում թվերը