Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՄՍՇՊՀ-ի ապտակն Անահիտ Ավանեսյանին. Հաղորդումը հանձնաժողովին ներկայացրել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն
Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը որոշում է կայացրել, ըստ որի՝ առողջապահության նախարարությունը շտապ բժշկական օգնության ծառայությունների փոխհատուցման գործընթացում կիրառել է ընտրովի և ոչ օբյեկտիվ մոտեցում, ինչի արդյունքում շուկայում ստեղծվել է մրցակցային անհավասարություն նույնանման ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների միջև։
Դրա համար հանաձնաժողովը նախազգուշացում է հայտարարել Անահիտ Ավանեսյանի ղեկավարած գերատեսչությանը։ Հանձնաժողովը նաև հանձնարարություններ է տվել նախարարությանն ու դրանց կատարման համար սահմանել առավելագույնը մեկամսյա ժամկետ։ Հունվարի 2-ին կլրանա սահմանված ժամկետը։
Հիշեցնենք, որ հարցը հանձնաժողովի քննարկման առարկա դարձավ այն բանից հետո, երբ Երևանի շտապօգնություն «Շտապբուժօգնություն» ՓԲԸ–ն բողոք ներկայացրեց՝ նշելով, որ շարունակում է ստանալ 8020 դրամ մեկ կանչի համար, մինչդեռ մարզերում գործող «Հանրապետական շտապ օգնության ծառայություն» ընկերության համար փոխհատուցման չափը բարձրացվել է՝ հասնելով շուրջ 13 հազար դրամի։
Ընկերության գնահատմամբ՝ այս տարբերակված մոտեցումը կարող է հանգեցնել ֆինանսական ծանր հետևանքների և նույնիսկ սնանկացման։
Հանձնաժողովն ուսումնասիրել է հարցն ու եկել եզրակացության, որ շտապ օգնության ծառայությունների դիմաց փոխհատուցման չափերը 2025 թվականին վերանայվել են առանց հստակ չափորոշիչների, և միայն մեկ սուբյեկտի՝ նախարարության ենթակայության ներքո գործող «Հանրապետական շտապ օգնության ծառայություն» ընկերության նկատմամբ։
Հանձնարարություններ նախարարությանը
Որոշման շրջանակում հանձնաժողովը առողջապահության նախարարությանը տվել է հանձնարարականներ՝
- անհապաղ սահմանել շտապ օգնության ծառայությունների փոխհատուցման հստակ և օբյեկտիվ չափորոշիչներ,
- դադարեցնել արգելված պետական օժանդակությունը՝ վերանայելով «Շտապբուժօգնություն» ՓԲԸ–ին և շտապ օգնության այլ ծառայություններ մատուցող սուբյեկտներին տրամադրվող փոխհատուցման չափերը՝ տնտեսական հիմնավորված հաշվարկների հիման վրա։
Ի՞նչ խախտումներ են արձանագրվել
Հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն՝ «Հանրապետական շտապ օգնության ծառայություն» ընկերության դեպքում ընդհանուր բժշկական (գծային) բրիգադի մեկ կանչի միջինացված գինը շուրջ 60 տոկոսով բարձր է,
իսկ ֆելդշերական բրիգադի կանչերի միջինացված գինը՝ շուրջ 70 տոկոսով, քան Երևանում գործող «Շտապբուժօգնություն» ընկերության դեպքում։
Միևնույն ծառայությունը մատուցելիս տարբեր փոխհատուցման սահմանումը, ըստ հանձնաժողովի, չի հիմնավորվել ծառայության իրական ինքնարժեքով կամ ծախսային կառուցվածքով։
Ինչո՞ւ է սա խնդիր մրցակցության համար
Որոշման մեջ նշվում է, որ նախարարությունը հաշվի է առել միայն այն մարզային ստորաբաժանումների առանձնահատկությունները, որոնք գործում են «Հանրապետական շտապ օգնության ծառայություն» ընկերության ներքո, մինչդեռ նույն ծառայությունը մատուցող այլ սուբյեկտների պարագայում այդ հանգամանքները փոխհատուցման հաշվարկում անտեսվել են։
Այս մոտեցման հետևանքով, ըստ հանձնաժողովի, շտապ բժշկական օգնության ոլորտը կենտրոնացվում է նախարարության կողմից նախընտրելի տնտեսավարող սուբյեկտի շուրջ, ինչը վտանգում է շուկայում ազատ և արդար մրցակցությունը։
Հանձնաժողովի եզրակացությամբ՝ «Հանրապետական շտապ օգնության ծառայություն» ընկերությունը հայտնվում է ավելի բարենպաստ մրցակցային դիրքում, քանի որ ունի հնարավորություն՝ ընդլայնելու գործունեությունը, առաջարկելու ավելի բարձր աշխատավարձեր, ձեռք բերելու նոր սարքեր և տեխնիկա, և բարելավելու ծառայությունների որակը։
Միևնույն ժամանակ, այլ տնտեսավարող սուբյեկտները, այդ թվում՝ Երևանի շտապօգնությունը, փաստացի զրկվում են մրցակցային հավասար պայմաններում գործունեություն իրականացնելու հնարավորությունից։
Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ մինչև տարեվերջ Երևանը ևս կներառվի համապետական շտապ օգնության համակարգում, ինչի արդյունքում նախատեսվում է ֆինանսավորման ավելացում։ Միաժամանակ նախարարությունը նշել է, որ Երևանի շտապօգնությունը նախկինում պաշտոնապես չի վիճարկել պայմանագրային գները և չի ներկայացրել հիմնավոր հաշվարկներ։
Որոշումից հետո ի՞նչ ճակատագիր է սպասվում մի քանի մարզերում արդեն գործող «Հանրապետական շտապ օգնության ծառայություն» ընկերությանը։
Հարցին ի պատասխան Առողջապահության նախարարությունից գրավոր հարցում պահանջեցին։
Խնդրի շուրջ զարգացումները՝ հետագա հրապարակումներում։