«Հրապարակ». Արցախի թեմական խորհուրդը շարունակում է ակտիվ աշխատանք տանել Մայր Աթոռի հետ
Օրվա մամուլ
08:59 24/12/2025
Հայաստան

«Հրապարակ». Արցախի թեմական խորհուրդը շարունակում է ակտիվ աշխատանք տանել Մայր Աթոռի հետ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի քաղաքական և հասարակական կառույցները, ինչպես նաև՝ շարքային քաղաքացիները, չեն համակերպվում այն մտքի հետ, որ թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը «դավաճանել» է իրենց եւ Արցախին ու միացել տասը տիրադավներին՝ աջակցելով Նիկոլ Փաշինյանի եկեղեցաքանդ գործունեությանը։ Մենք տեղեկացանք, որ Արցախի թեմական խորհուրդը շարունակում է ակտիվ աշխատանք տանել Մայր Աթոռի հետ` Արցախի հոգևոր առաջնորդին փոխարինելու հարցով։ Արցախցիներն այլևս նրան չեն ընկալում որպես թեմի առաջնորդ և ուզում են, որ առաջնորդ նշանակվի մարդկային ու հոգևոր բարձր արժեքներ ունեցող մի հոգևորական։ Բանն այն է, որ Արցախի թեմում Վրթանես եպիսկոպոսից բացի այլ եպիսկոպոս չկա, որը պարտադիր պահանջ է թեմի առաջնորդի համար:

Մեզ ասացին, որ արցախցիները համաձայն են անգամ, որ հայաստանցի սրբազան դառնա իրենց թեմի առաջնորդ, օրինակ, Բագրատ սրբազանը։ Նշենք, որ Նաիրի Հոխիկյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ից ստորագրահավաք է անցկացվում՝ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի պարտականություններից ազատելու համար․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդն իր գործողություններով դեմ է դուրս եկել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններին և միացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ազգուրաց քայլերին, մենք՝ ՀԱԵ Արցախի թեմի հավատավոր զավակներս, հրաժարվում ենք Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին ընդունել որպես Արցախի թեմի առաջնորդի եւ դիմում ենք Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ կաթողիկոսին՝ խնդրելով նրան ազատել Արցախի թեմի առաջնորդի պարտականություններից և նրա փոխարեն նշանակել ՀԱԵ կանոններին հավատարիմ ուրիշ հոգևորականի»։ Նախօրեին Հոխիկյանը տեղեկացրեց, որ 300 մարդ ստորագրել է այս տեքստը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Արցախի թեմական խորհուրդը շարունակում է ակտիվ աշխատանք տանել Մայր Աթոռի հետ