«Թող պատգամավորներն այդ 3 մլն-ով գնան բնակարան առնեն ու ապրեն, տեսնեն՝ հնարավո՞ր է»․ Մեսրոպ Առաքելյան
Քաղաքական
17:57 25/12/2025
Հայաստան

«Թող պատգամավորներն այդ 3 մլն-ով գնան բնակարան առնեն ու ապրեն, տեսնեն՝ հնարավո՞ր է»․ Մեսրոպ Առաքելյան

Ազգային ժողովի պատգամավորներին տրվող մեծ պարգևավճարների թեման բնականաբար հայտնվել է քննարկումների կիզակետում։ Հիշեցնենք, որ ԱԺ որոշմամբ Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ յուրաքանչյուր պատգամավորի տրամադրվելու է 2.9 մլն դրամ միանվագ գումար։ Հատկանշական է, որ Արցախից բռնի տեղահանված անձանց Երևանում բնակարան գնելու համար 3 մլն դրամ են տալիս 1 անձի հաշվով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի գնահատմամբ՝ խնդիրը միայն գումարների համեմատությունը չէ, այլ՝ իշխանությունների վարքագիծն ու առաջնահերթությունները։

«Իհարկե խայտառակություն է, բայց Ազգային ժողովի աշխատանքի արդյունավետությունը այս պարգևավճարներով չէ, որ պետք է գնահատենք։ Այս չորս տարվա Ազգային ժողովի գործունեության արդյունքն այնքան խայտառակ է, որ այս պարգևավճարն ընդամենը դրա մի փոքր դրվագն է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա։

Առաքելյանի խոսքով՝ սա ֆինանսական, այլ ոչ թե բյուջետային արդյունավետության հարց է. «Սա վարքագծային խնդիր է։ Երբ խորհրդարանական երկրում խորհրդարանն ինքն իրե համար նման որոշում է կայացնում, անկախ նրանից գումարը շատ է, թե քիչ, դա ուղերձ է հասարակությանը՝ մենք թքած ունենք ձեր խնդիրների վրա»։

Խոսելով արցախցիների բնակարանային խնդրի մասին՝ Առաքելյանը շեշտեց, որ երկու տարվա ընթացքում իշխանությունների անգործությունն արդեն ամոթի է վերածվել։

«Արդեն երկու տարի է, ինչ մեր հայրենակիցները բռնի տեղահանման հետևանքով հայտնվել են Հայաստանում, ու ես անձամբ ամաչում եմ, որ երկու տարի անց մենք դեռ այս հարցն ենք քննարկում։ Այդ մարդկանց օր առաջ պետք էր ապահովել բնակարանով»,- նշեց Առաքելյանը։

Նրա խոսքով՝ խնդիրը միայն բնակարան ունենալ-չունենալը չէ։

«Այս մարդիկ կորցրել են ամեն ինչ՝ հայրենիքը, ապագայի մասին պատկերացումները, երեխաների երազանքները։ Բնակարան տալը ամենափոքր բանն է, որ կառավարությունը պետք է աներ»,-ընդգծեց նա։

Անդրադառնալով արցախցիների բնակապահովման ծրագրին, որը առաջարկում է կառավարությունը, Առաքելյանը մեկ այլ բան առաջարկեց հենց իշխանության ներկայացուցիչներին. «Քանի որ միշտ ասում են՝ երեք միլիոնը լավ գումար է, կոչ եմ անում այդ պատգամավորներին՝ հենց իրենց ստացած այդ երեք միլիոնով գնան բնակարան առնեն, ապրեն ու հետո արցախցիներին ասեն՝ հենա մենք ապրում ենք, դուք ինչի՞ եք բողոքում»։

Նրա համոզմամբ՝ հարցը գումարի չափը չէ, այլ պետական առաջնահերթությունների սխալ դասավորումը. «Միշտ կարելի է ասել՝ 3 միլիոնը շատ է կամ քիչ։ Խնդիրը ծախսերի առաջնահերթությունն է։ Արցախցիների բնական ապրելու իրավունքը պետք է լիներ պետության առաջնահերթ ծախսերից»։

Քաղաքական գործիչն  իրավիճակը համեմատում է սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքի հետ․ «Սա նման է այն ընտանիքին, որտեղ տանը ջեռուցում չկա, երեխաները սննդի խնդիր ունեն, բայց հայրը իր համար նոր հեռախոս կամ ավտոմեքենա է գնում։ Ցավոք, մեր իշխանությունն այսօր հենց նման ծնողի վարքագիծ է դրսևորում»։

Նրա խոսքով՝ մինչև արցախցիների լիարժեք ինտեգրման և բնակարանային խնդրի լուծումը, այլ քննարկումներ պարզապես անտեղի են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder