Աղքատ ընտանիքը նախարարության նոր ռեֆորմի զոհ. 270 դրամի պատճառով մեզ զրկեցին նպաստից
Հասարակություն
17:50 25/12/2025
Հայաստան

Աղքատ ընտանիքը նախարարության նոր ռեֆորմի զոհ. 270 դրամի պատճառով մեզ զրկեցին նպաստից

Եղվարդում ապրող ընտանիքն այս տարվա օգոստոսից զրկվել է ընտանեկան նպաստից, ինչը նրանց սոցիալական վիճակն էլ ավելի է վատացրել։ Չորս հոգանոց ընտանիքում հաշմանդամություն ունեցող 2 անձ կա՝ հայրը և 16-ամյա որդին, ով ունի դաունի համախտանիշ ունի։ Ընտանիքի միակ կայուն եկամուտը հաշմանդամության թոշակներն են։ Ընտանիքի մայրը՝ Վարդուհի Հարությունյանը դիմել է Panorama.am-ին՝ խնդրելով բարձրաձայնել իրենց խնդրի մասին՝ հույսով, որ այսպես որևէ լուծում կտրվի։ 

«Օգոստոսին վերջին անգամ ստացանք նպաստը, հետո ասացին՝ նոր համակարգով այլևս չենք համապատասխանում պահանջներին։ Ասում են՝ Ձեր բաժնեմասի գույքահարկի շեմը պիտի 4200 դրամը չգերազանցի, որպեսզի նպաստ ստանաք։ Իմ բաժնեմասի գույքահարկը 4470 դրամ է։ Այսինքն՝ 270 դրամով անցել է շեմը, դրա համար մեզ զրկել են նպաստից»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վարդուհի Հարությունյանը։

Խոսքը մոր տան համասեփականատեր լինելու մասին է, սակայն վստահեցնում է՝ ինքը այդ գույքից չի օգտվում և չի տնօրինում այն․ «Ես ուրիշ հասցեում եմ ապրում՝ ամուսնուս տանը։ Այն 5 անձի համատեղ սեփականություն է։ Թուղթ եմ տարել, ապացուցել եմ, որ այդ գույքին չեմ տիրապետում, բայց իրենց համար մեկ է։ Ասում են՝ քո անունով է գրանցված, վերջ»։

Ընտանիքի հայրն ունի հաշմանդամության երրորդ կարգ․ աջ ձեռքը չի աշխատում։ Նա նախկինում պայմանագրային զինծառայող է եղել, 44-օրյա պատերազմի մասնակից է։ Առողջական խնդիրների պատճառով դուրս է եկել զինծառայությունից, աշխատել է շինարարության ոլորտում, սակայն աշխատանքի ընթացքում վնասվածք է ստացել ու դրանից հետո աշխատանք գտնել չի կարողանում։

«Որտեղ գնում է, չեն վերցնում։ Մի ձեռքով մարդուն չեն ընդունում, թեկուզ պահակության»,-ասում է Վարդուհին։

16-ամյա որդին ունի մանկական հաշմանդամություն, գիշերները ստիպված է տակդիրներ օգտագործել։

 «Մի տակդիրը 350 դրամ է։ Դա էլ ծախս է, որ ամեն օր կա»,- նշում է մայրը։

Հաշմանդամություն ունեցող հայր ու որդին միասին ստանում են 75 հազար դրամ թոշակ։

«Այդ գումարով ենք ապրում։ Մեկ-մեկ շաբաթվա ընթացքում մի տուն եմ գնում մաքրելու, 7-10 հազար դրամ են տալիս, բայց դա էլ միշտ չէ»,- պատմում է նա։

Վարդուհու խոսքով՝ նպաստը միայն գումար չէր․ այն նաև կոմունալ ծառայությունների վճարների զեղչեր էր ապահովում. «Լույս, գազի զեղչ ունեինք, տարեկան մոտ 400-500 խորանարդ գազ անվճար էր լինում։ Դա մեծ օգնություն էր մեզ համար։ Հիմա դա էլ չկա»։

Նրա պնդմամբ՝ նոր համակարգով նպաստ ստանում են նաև մարդիկ, ովքեր իրականում կարիքավոր չեն․ «Ասում են՝ իրենք կարողացել են գույքը ուրիշների անունով գրանցել, դրա համար ստանում են։ Ինձ էլ ասում են՝ դու էլ արա։ Սա պետության մոտեցո՞ւմ է»։

Վարդուհին ասում է՝ աշխատելու ցանկություն ունի, սակայն որդու խնամքը թույլ չի տալիս. «Իմ երեխուն մենակ թոշակ են տալիս, բայց խնամքի կենտրոն չկա, որ տանեմ, թողնեմ, ես աշխատեմ։ Երեխան անկառավարելի է, հաճախ տնից փախնում է։ Եթե կենտրոն լինեն, ես կաշխատեի»։

Եղվարդում նման կենտրոն չկա, իսկ Երևանում գործող կենտրոն հասնելը թանկ է։ Նոր տարվա շեմին ընտանիքը հույս չունի լիարժեք տոն կազմակերպել. «Մի քիչ խանութից նիսյա եմ վերցնում, թոշակը ստանում եմ՝ փակում։ Որքան կարողանում եմ, անում եմ, որ երեխեքը ուրախանան»։

Վարդուհին պատմում է, որ վերջերս բարեգործության շնորհիվ որդին առաջին անգամ խաղալիքներ է նվեր ստացել․ «Տղաս աչքերը լցրել էր։ Ասում էր՝ կյանքումս առաջին անգամ է, որ ինձ համար ինչ-որ մեկն այսքան բան է արել»։

Վարդուհի Հարությունյանի խոսքով՝ եթե իր բաժնեմասի գույքահարկը 4200 դրամից 200 դրամով չգերազանցեր սահմանված շեմը, ընտանիքը կշարունակեր նպաստ ստանալ։

Ընտանիքը մինչ օրս շարունակում է բողոքարկել որոշումը, սակայն, ինչպես նշում է Վարդուհին, առայժմ՝ ապարդյուն։

Ինչպես է ստացվում, որ ընտանիքը փաստացի իր տնօրինման տակ չգտնվող բնակարանի համասեփականատեր լինելու համար զրկվում է նպաստից։ Panorama.am-ը հարցն ուղղեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ 

«Կոտայքի և Սյունիքի մարզերում անապահովության գնահատման պիլոտային նոր համակարգ է գործարկվել։ Այս համակարգով նախատեսված է գույքահարկի շեմ, որից բարձր գույքահարկի պարտավորություն ունեցող ընտանիքներն ավտոմատ դուրս են մնում համակարգից։  Պիլոտի արդյունքները վերլուծում ենք, որպեսզի փորձնական հասկանանք՝ ինչ խնդիրների ենք առերեսվում։ Սա ևս առաջիկայում հնարավոր է վերանայումների և փոփոխությունների ենթարկվի։ Առաջացած խնդիրները խմբավորվում են, և կհասցեագրվեն, որպեսզի ամբողջ հանրապետությունում ռեֆորմի տարածման ժամանակ հնարավորինս շտկված լինեն»,- ասաց նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նվեր Կոստանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder