Սա դասական խաղաղություն չէ, այլ պերմանենտ կապիտուլյացիայի մոդել. Սուրենյանց
Քաղաքական
08:30 26/12/2025
Հայաստան

Սա դասական խաղաղություն չէ, այլ պերմանենտ կապիտուլյացիայի մոդել. Սուրենյանց

«Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած իր «մեծագույն պարտավորությունը»՝ բացել Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան»,-գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նա շարունակում է.

«2021 թվականի օգոստոսին ընդունված կառավարության ծրագրում «խաղաղ զարգացման դարաշրջանը» ներկայացվում էր որպես բովանդակային և նպատակային խաղաղություն։ 

Այն ենթադրում էր ոչ միայն ռազմական գործողությունների դադար, այլև Արցախի հարցի քաղաքական լուծման շարունակություն, անվտանգության համակարգի վերականգնում և պետական շահերի պաշտպանություն։ 

Այդ ժամանակաշրջանում իշխանության խոսույթում առկա էին Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի, ինչպես նաև Արցախի անկախության հնարավոր սցենարների վերաբերյալ ուղիղ կամ անուղղակի ակնարկներ՝ անգամ Կոսովոյի նախադեպի հղումներով։ 

Այսօր նույն ձևակերպումը գործածվում է արդեն բոլորովին այլ իմաստով։ 

«Խաղաղությունը» սահմանվում է որպես սահմանային հարաբերական լռություն, որը պայմանավորված չէ ինստիտուցիոնալ համաձայնություններով, իրավական պարտավորություններով կամ միջազգային երաշխիքներով։ 

Խաղաղության պայմանագիր չկա, սահմանազատման և սահմանագծման գործընթացները չեն ավարտվել, իսկ Ադրբեջանը շարունակաբար առաջ է քաշում նոր պահանջներ՝ դրանք ուղղակիորեն կապելով պայմանագրի ստորագրման հետ։ 

Այն հանգամանքը, որ տվյալ պահին սահմանին չեն կրակում, ինքնին խաղաղություն չէ, երբ այդ վիճակը ձեռք է բերվում միակողմանի զիջումների միջոցով։ 

Այս իրավիճակում հակառակորդը փաստացի ստացել է գրեթե ամեն ինչ(այդ թվում՝ Արցախը) և միաժամանակ պահպանել է նոր պահանջներ ներկայացնելու լիակատար ազատություն։ 

Փաշինյանի ներկայացրած խաղաղության մոդելը կառուցված է ոչ թե փոխադարձ պարտավորությունների, ուժերի հավասարակշռության և զսպման մեխանիզմների, այլ մշտական նահանջների տրամաբանության վրա։ 

Սա դասական խաղաղություն չէ, այլ պերմանենտ կապիտուլյացիայի մոդել, որի պայմաններում պետությունը աստիճանաբար կորցնում է իր բանակցային սուբյեկտայնությունը, իսկ հասարակությանը ներկայացվում է «խաղաղության» անվան տակ ձևավորված քաղաքական պատրանք։ 

Եթե «խաղաղ զարգացման դարաշրջան» ասելով նկատի է առնվում պատերազմից հետո ձևավորված իրականության հետ հարմարվելը՝ պետական և ազգային շահերի հաշվին, ապա նման մոտեցումը հնարավոր է ներկայացնել որպես կատարված խոստում։ 

Սակայն եթե խոստումը վերաբերում էր արժանապատիվ, կայուն և ինստիտուցիոնալ խաղաղությանը, ապա այն ոչ միայն չի իրականացվել, այլ փաստացի փոխարինվել է պերմանենտ կապիտուլյացիայով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սա դասական խաղաղություն չէ, այլ պերմանենտ կապիտուլյացիայի մոդել. Սուրենյանց