Եկեղեցին՝ որպես սադրանքի թիրախ. Փաշինյանի հերթական կարմիր գծի հատումը. Սուրենյանց
Քաղաքական
16:13 27/12/2025
Հայաստան

Եկեղեցին՝ որպես սադրանքի թիրախ. Փաշինյանի հերթական կարմիր գծի հատումը. Սուրենյանց

«Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ պատարագի ընթացքում հնարավոր և թույլատրելի է բողոք արտահայտել, իսկ Կտրիճ Ներսիսյանի անունը չպետք է հնչի, վաղուց դուրս է եկել անձնական կարծիքի կամ հավատացյալի դիրքորոշման շրջանակից։  Այն վերածվել է քաղաքական ուղերձի՝ ուղղված Եկեղեցու ներս, և այդ հանգամանքն է խնդրի առանցքը»,-Նիկոլ Փաշինյանի այսօր առավոտյան հնչեցրած հայտարարությանն այսպես է արձագանքում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նա ընդգծում է՝ խնդիրը նախ և առաջ իրավական է։ 

«ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը հստակ սահմանում է պետության և Եկեղեցու տարանջատման սկզբունքը։ Երբ երկրի գործադիր իշխանության ղեկավարը հրապարակային կերպով գնահատական է տալիս, թե ինչն է թույլատրելի կամ անթույլատրելի պատարագի ընթացքում, նա փաստացի մտնում է այն տիրույթ, որը Սահմանադրությամբ իրեն չի վերապահված։ Այստեղ արդեն խոսքը հավատացյալի կարծիքի մասին չէ, այլ պետական իշխանության կողմից եկեղեցական ծեսի բովանդակության քաղաքականացման և վերահսկման փորձի։ Վերջին ամիսներին Փաշինյանը բազմիցս միջամտել է եկեղեցու ներքին գործերին՝ առաջարկելով եկեղեցու կանոնադրության բարեփոխումներ, մասնակցելով այլընտրանքային պատարագների կազմակերպմանը և նույնիսկ պետական օրհներգի կատարում պարտադրելու գաղափարներ հնչեցնելով: Սա օբյեկտիվորեն խախտում է չեզոքության սկզբունքը: 

Սակայն առավել մտահոգիչ է հայտարարության քաղաքական ենթատեքստը։ 

«Պատարագի ընթացքում բողոք արտահայտելու» գաղափարը ոչ միայն լեգիտիմացվում է, այլ ներկայացվում որպես ընդունելի և նույնիսկ նպատակահարմար վարքագիծ՝ «գործնական արդյունքների հասնելու» ակնարկով։ Այս ձևակերպումները չեն կարող ընկալվել որպես պատահական։ Հանրային խոր բևեռացվածության պայմաններում դրանք օբյեկտիվորեն հնչում են որպես ազդակ՝ կազմակերպված սադրանքների համար։ Ձևավորվում է վտանգավոր և արդեն ծանոթ շղթա․ նախ՝ խոսքային լեգիտիմացում, ապա՝ «ինքնաբուխ» միջադեպեր եկեղեցիներում, վերջում՝ դրանց քաղաքական արդարացում՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանության լեզվով։ Այս տրամաբանությունը ոչ միայն խաթարում է Եկեղեցու ներքին կարգն ու կանոնական իրավունքը, այլ նաև սրբավայրերը վերածում է քաղաքական բախումների հնարավոր հարթակի։ 

Իշխանությունը հետևողականորեն փորձում է եկեղեցական տարածքը ներքաշել քաղաքական պայքարի դաշտ, ընդլայնելով հակամարտությունը այն ոլորտ, որտեղ պետությունը պարտավոր է պահպանել բացարձակ չեզոքություն։  Եկեղեցին, անկախ իշխանության կամ հասարակության տարբեր շերտերի վերաբերմունքից, շարունակում է մնալ ինքնավար ինստիտուտ՝ սեփական կանոնական իրավունքով և ներքին կարգով։ Այդ սահմանների խախտումը չի կարող դիտարկվել որպես սովորական քաղաքական քայլ։ Դա արդեն կարմիր գծի հերթական հատում է, որը հղի է լուրջ և անկանխատեսելի հետևանքներով՝ թե՛ իրավական պետության, թե՛ հասարակական խաղաղության համար»,-գրում է նա։

Հիշեցնենք՝ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ վաղը Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցի սուրբ և  անմահ պատարագի։

«Այստեղ էլ իմ ակնկալիքն այն է, որ Կտրիճ Ներսիսյանի անունը չհնչի պատարագի ժամանակ՝ նախկինում բերված հիմնավորումներով և պատճառներով։ Ի դեպ, կան մարդիկ, ովքեր ասում են, որ իրենք տարբեր եկեղեցիներում, երբ որ պատարագի են մասնակցում և հնչում է Կտրիճ Ներսիսյանի անունը, ցանկություն ունեն իրենց բողոքն արտահայտել հենց այդ պահին։ Արդյո՞ք նման բան կարելի է և թույլատրելի է։ Ես կարծում եմ, որ, այո, նման բան կարելի է և թույլատրելի է, որովհետև դա լեգիտիմ ակնկալիք է, որ այն մարդիկ, ովքեր իրենց հայտարարագրել են որպես վեհ և որպես որոշակի կանոններով ապրող մարդիկ, և չեն կատարել դա, չեն կատարում դա և չեն էլ պատրաստվում առերեսվել այս փաստի հետ»,-հայտարարել է Փաշինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եկեղեցին՝ որպես սադրանքի թիրախ. Փաշինյանի հերթական կարմիր գծի հատումը. Սուրենյանց