«Կողմնապահ մոտեցում»․ Փորձագետը՝ շտապօգնության ծառայությունների անհամաչափ ֆինանսավորման մասին
Տնտեսություն
17:21 27/12/2025
Հայաստան

«Կողմնապահ մոտեցում»․ Փորձագետը՝ շտապօգնության ծառայությունների անհամաչափ ֆինանսավորման մասին

Մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովը իր որոշման մեջ հստակ արձանագրել է, որ Առողջապահության նախարարությունը կողմնապահ մոտեցում է ցուցաբերել շտապօգնության ծառայությունների գների սահմանման հարցում։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Անկախ փորձագետ» ՀԿ հիմնադիր, առողջապահության փորձագետ Ծաղիկ Վարդանյանը՝ անդրադառնալով հանձնաժողովի որոշմանը, որով առողջապահության նախարարությանը տրվել են հստակ հանձնարարականներ՝ շտապօգնության ծառայությունների գների վերանայման և հավասարության ապահովման վերաբերյալ։

«Պետք է հիշենք, որ Հայաստանի Հանրապետությունում շտապօգնության ծառայություն իրականացնում են երեք տեսակի սուբյեկտներ՝ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայում գործող «Շտապօգնություն» ՓԲԸ-ն, մարզերում՝ նոր ձևավորված հանրապետական շտապօգնության ծառայությունը, որը առողջապահության նախարարության ենթակայության տակ է, և մի շարք մարզերում՝ որպես բժշկական կազմակերպությունների ստորաբաժանումներ։ Այսինքն, երեք տեսակի սուբյեկտների կողմից իրականացվում է նույն բժշկական ծառայությունը՝ անհետաձգելի բժշկական օգնություն», – նշեց նա։

Խնդիրը առաջացել է այն ժամանակ, երբ հանրապետական շտապօգնության բրիգադների կանչերի գները վերանայվել են, իսկ մյուսների համար՝ ոչ։

«Շտապօգնություն ՓԲ-ն բողոք էր ներկայացրել, որ գների վերանայումն արվել է միայն հանրապետական շտապօգնության ծառայության համար, իսկ Երևանի և մնացած մարզերի ծառայությունների մասով մնացել է նույնը։ Սա առաջացրել է մրցակցային անհամաչափություն, ոչ հավասար մոտեցում և բերում է առավել շահեկան դիրքի հանրապետական շտապօգնությանը, որը առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող կազմակերպություն է», – պարզաբանեց Վարդանյանը։

Նրա խոսքով, դեպքը մանրամասն ուսումնասիրվել է բոլոր իրավական անկյուններով. «Վերլուծվել է շատ մանրամասն, և որոշվել է, որ առողջապահության նախարարության կողմից միայն մեկի համար իրականացված գների բարձրացումը համարվել է արգելված պետական օժանդակություն։ Նախազգուշացում է հայտարարվել նախարարությանը, ինչպես նաև հանձնարարվել է մեկ ամսվա ընթացքում իրականացնել շտկում՝ սահմանված կարգով վերանայել շտապօգնության ընկերության և մյուս ծառայություններին տրամադրվող գները և բերել մրցակցային հավասար դաշտ»։

Ծաղիկ Վարդանյանը պարզաբանեց, թե այս հանձնարարականը ինչ է ենթադրում․ «Սա նշանակում է, որ նախարարությունը պետք է չպատրաստի կողմնապահ մոտեցում՝ մեկ ծառայության օգտին, այլ կամ պետք է վերացնի օժանդակությունը կոնկրետ հանրապետական շտապօգնության ծառայությանը, կամ մյուսներին բարձրացնի՝ ապահովելով հավասարություն։ Շատ հստակ ամրագրված է, որ նախարարությունը չի ներկայացրել գնագոյացման, ինքնարժեքի, ուղղակի և անուղղակի ծախսերի հաշվարկներ, ինչը համոզիչ չէ ֆինանսատնտեսական առումով»։

Նա նշեց՝ հանրապետական շտապօգնության ծառայությունը միայն ավելի մեծ տարածք սպասարկելու պատճառով ստացել է առավելություն, ինչը հաշվարկված չէ մրցակցային հիմունքներով։

«Ամենևին չի կարելի մոտենալ հարցին այնպես, որ ինչ-որ ծառայություն ֆինանսավորման խնդիր չունի, և դրա պատճառով մյուսներին չհամապատասխանեցնել։ Ֆինանսական խնդիրների բացակայությունը չի արդարացնում երկակի ստանդարտների կիրառումը», – ընդգծեց Վարդանյանը։

Հանձնաժողովի այս նախազգուշացումը. ըստ նրա,  օրինակ է հավասարության և հանրային շահի պահպանման․ «Շատ ողջունելի, իրատեսական և արդար քննված մոտեցում է, խնդիրն ուսումնասիրվել է լիովին, իրավական բոլոր անկյուններից։ Նախազգուշացումը պետք է նախարարությունը ի նկատի ունենա, որովհետև սա ընդամենը մեկ դրվագ է՝ պատկերացրեք, եթե մնացած բոլոր հարցերում նույնպես կիրառվեր նման սկզբունք, հանրային շահը գերակշռելու էր»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder