Առաջիկա տոնական օրերը ստեղծում են նպաստավոր պայմաններ ՍՇՎ-ների տարածման համար
Առողջություն
12:47 29/12/2025
Հայաստան

Առաջիկա տոնական օրերը ստեղծում են նպաստավոր պայմաններ ՍՇՎ-ների տարածման համար

Եվրոպական տարածաշրջանում շարունակվում է շնչառական վիրուսների շրջանառության աճը: Համաձայն հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի (ECDC) հրապարակումների` ամփոփվող վերջին շաբաթվա ընթացքում (դեկտեմբերի 8-14, 2025թ.) տարածաշրջանում սուր շնչառական վարակների (ՍՇՎ) դեպքերը 24 երկրներում գերազանցում են սահմանված մակարդակները: Եվրոպական տարածաշրջանում ՍՇՎ-ների դետքային հսկողության շրջանակներում հատկապես շարունակում է աճել գրիպի ակտիվությունը: Հարկ է նշել, որ 2025-2026թթ. սեզոնին գրիպի ակտիվությունը սկսվել է 3-4 շաբաթ ավելի շուտ, քան նախորդ երկու սեզոններում:

Ներկայումս այն գերազանցել է 10% համաճարակային շեմը, հասնելով 39%-ի: 28 երկրներում դրական թեստերի միջին ցուցանիշը կազմել է 27% (2-78%): Դրական թեստերի մակարդակը ամենաբարձրն է 5-ից 14 տարեկան երեխաների շրջանում: Ներկայումս շատ երկրներում նկատվում է հոսպիտալացման դեպքերի թվի աճ, ինչը ներառում է բոլոր տարիքային խմբերը` գերակշռելով 65-ից բարձր տարեկան անձինք: Տարածաշրջանում A (H3) գրիպի վիրուսը շարունակում է մնալ շրջանառվող հիմնականը տեսակը: Հարկ է նշել, որ երկրներից 22-ը հայտնել են գրիպի միջին կամ բարձր ակտիվության մասին, իսկ 28-ը` հայտնել են գրիպի լայնածավալ տարածման մասին: Կարևոր է ընդգծել նաև, որ A(H3N2) k ենթադասի վիրուսի շրջանառությունը նույնպես աճում է:

Համաձայն տարածաշրջանային ցուցանիշների` SARS-CoV-2-ի ակտիվությունը շարունակում է նվազել։ RSV-ի հայտնաբերման դեպքերի թիվը և հոսպիտալացումները շարունակում են դանդաղորեն աճել տարածաշրջանային մակարդակում, գերակշռող դեպքերը մինչև 5 տարեկանների շրջանում են:

ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնից նշում են, հաշվի առնելով գրիպի ներկայիս ակտիվությունը, ինչպես նաև առաջիկա տոնական օրերը, որոնք ստեղծում են նպաստավոր պայմաններ ՍՇՎ-ների տարածման համար, ECDC-ի մասնագետները գնահատել են գրիպի սպառնալիքի ռիսկերը:

Այս համատեքստում առաջարկվում է`

• գրիպի և COVID-19-ի պատվաստումների ծածկույթի ընդլայնումը` հատկապես ռիսկի խմբի անձանց շրջանում,

• հակավիրուսային դեղերի օգտագործումը,

• բժշկական կազմակերպություններում և երկարատև խնամքի կենտրոններում հակահամաճարակային ռեժիմի խստացումը` հատկապես դիմակների կրումը:

Կենտրոնը հիշեցնում է նաև շնչառական վարակների տարրական կանխարգելիչ միջոցառումների մասին.

✅ Պահպանել շնչառական հիգիենան` հազալու և փռշտալու վարվելակարգը, անհրաժեշտության դեպքում դիմակ կրել:

✅ Պահպանել ձեռքերի հիգիենան` հաճակախի լվալ կամ ախտահանել ձեռքերը:

✅ Խուսափել փակ տարածքներում մարդկանց կուտակումներից:

✅ Ապահովել բնակարանների, փակ տարածքների բավարար օդափոխությունը:

✅ Ախտանիշների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամաբ, դիմել բժշկի խորհրդատվությանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder